Այսօր Հայոց Եկեղեցին նշում է «Ս. Վարդանանց զորավարների` 1036 վկաների» տոնը, ովքեր Տղմուտ գետի ափին` Ավարայրի դաշտում, նահատակվեցին ՀԱՅՐԵՆԻՔԻ և ՀԱՎԱՏՔԻ համար` իրենց գիտակցված մահով անմահանալով և ոգեշնչման օրինակ դառնալով հայ մարդու համար հետագա դարերում: Այն սովորական պատերազմ չէր, այլ հայի սրբազան տեսակի և քրիստոնեական ինքնության պահպանման ճակատամարտ, որն այսօր էլ շարունակվում է:
Այո´, մի´ զարմացեք, քանզի ամեն օր մենք Ս. Վարդանի և նրա քաջ զինակիցների նման կռիվ ենք տալիս երևացող և աներևույթ թշնամիների դեմ` մեր նորանկախ Հայրենիքը, Սրբազան մեր Հողը, Մայր Եկեղեցին և մեր մյուս սրբություններն ու մշտամնա արժեքները պահպանելու և դրանք անաղարտորեն հետագա սերունդներին փոխանցելու համար: Ս. Վարդանանց ոգին անպարտելի է, հայրենաշունչ և իմաստալի, որին հաղորդ դառնալով` առավել ուժգնությամբ և սիրով ես կապվում, զգում և հասկանում մեր սրբազան հողի, ջրի զորությունն ու Աստծո օրհնությունը: Ժողովուրդն իր իմաստությամբ սրբացրել, գովերգել, փառաբանել է Ս. Վարդանին և մյուս քաջորդիներին` ճշմարիտ գնահատականը տալով պատմական այդ իրադարձությանը:
Թող Ս. Վարդանանց ոգին առկայծի ու բոցկլտա յուրաքանչյուր հայի մեջ, անսահման ուժ և զորության տա ամենքիս, որպեսզի այսուհետ ամեն օրը մեզ համար լինի իրական հաղթանակների, պետականաշինության և միացյալ Հայրենիքի կերտման բաղձալի ժամանակ:
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից: