Պրոգերիայի՝ «Բենջամին Բաթոնի հիվանդության» պատճառով 41-ամյա Տիֆանի Վեդեքինդը սովորական մարդուց 8 անգամ ավելի արագ է ծերանում: Աշխարհում հայտնի է նման միայն 156 դեպք: Պրոգերիան գենետիկ արատ է, որի դեպքում մաշկի եւ ներքին օրգանների փոփոխություններ են առաջանում, որոնք պայմանավորված են օրգանիզմի վաղաժամ ծերացմամբ:
Պրոգերիայով հիվանդների կյանքը կարճատեւ է. նրանք սովորաբար ապրում են մինչեւ 20 տարի: Այսպիսով՝ Տիֆանին «Բենջամին Բաթոնի հիվանդությամբ» ամենածեր պացիենտն է: Նրա հասակը մոտ 135 սմ է, իսկ քաշը՝ ընդամենը 26 կգ: Կնոջ մազերը թափվում են, սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Նա, սակայն, չի վհատվում. զբաղվում է յոգայով եւ կառավարում մոմերի վաճառքի ընկերությունը:
Պրոգերիայով ծնված երեխաների մոտ ախտանշանները սկզբում չեն արտահայտվում: Սակայն արդեն կյանքի առաջին տարիներին գրանցվում է մազաթափություն եւ աճի դանդաղում: Դրանից բացի, նրանց ատամներն արագ են քայքայվում, մաշկը նկատելիորեն ծերանում է, զարգանում են հոդերի հետ կապված խնդիրներ:
Տիֆանին ակտիվ կյանքի կողմնակից է, սիրում է պարել եւ ընկերների հետ զբոսնել: Նրանց, ովքեր նույնպես տառապում են «Բենջամին Բաթոնի հիվանդությամբ», նա խորհուրդ է տալիս չներփակվել, այլ իրենց սիրտն աշխարհի առաջ բացել: «Թող ձեր կողքին լինեն ձեր ընտանիքը եւ ընկերները, որպեսզի կարողանաք ուրախանալ կյանքով»,- նշում է նա: