Վարչապետի խորհրդականը հեռացրել է Փաշինյանին գովաբանող գրառումը և պատրաստվում է վերադառնալ Մոսկվա. aysor.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարչապետի խորհրդականը հեռացրել է Փաշինյանին գովաբանող գրառումը և պատրաստվում է վերադառնալ Մոսկվա. aysor.am

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանը մոտ օրերս հրաժարական է ներկայացնելու և վերադառնալու է Մոսկվա, որտեղ բնակվում էր նախքան հեղափոխությունը։

Երեկ Գասպայանն իր Facebook-յան էջում գրել է, թե որքան է կարոտել Մոսկվան, որտեղ ապրել է վերջին քսան տարիներին։

«Շուրջ մեկ տարի ես ապրեցի Երևանում, դա հետաքրքիր տարի էր, բայց ինձ ուժեղ ձգում են Ռուսաստանն ու Մոսկվան, որտեղ ես ապրել եմ գրեթե ողջ գիտակից կյանքս՝ 21 տարի։ Այնտեղ իմ ընկերներն են, հետաքրքրություններն ու կյանքը, որոնց ես աննկարագրելի կարոտել եմ։ Պարզվեց, որքան էլ բողոքենք կլիմայից և խցանումներից, երբ այնտեղ չես, միևնույնն է, առանց դրանց չես կարողանում»,- գրել էր Գասպարյանը:

Ուշագրավ է, որ շուրջ մեկ օր անց վերջինս իր էջից հեռացրել է գրառումը։ Բայց սա Արտակ Գասպարյանի հեռացրած միակ գրառումը չէ։ Նա իր էջից հեռացրել է նաև մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանի հետ արված այն լուսանկարը, որտեղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին է վերադարձրել արժանապատվության զգացումը։ Գասպարյանն ընդգծել էր, որ բոլորը պետք է համախմբվեն Նիկոլ Փաշինյանի շուրջ, մինչդեռ վերջինիս պաշտոնավարման մեկ տարին չլրացած՝ Արտակ Գասպարյանն իր էջից հեռացրել է Փաշինյանի հետ լուսանկարն ու պատրաստվում է վերադառնալ Մոսկվա։

Ա․ Գասպարյանի աշխատանքից ազատման լուրի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Aysor.am-ը կապ հաստատեց Կառավարության լրատվական ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ նման բան չկա: Եթե պաշտոնից ազատումներ են լինում, ապա վարչապետի համապատասխան որոշումները պատշաճ ժամկետում տեղադրվում են e-gov.am կայքում:
Արտակ Գասպարյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ հեռախոսով չի խոսում լրագրողների հետ։ Դիտարկմանն՝ այդ դեպքում կարո՞ղ ենք հանդիպել և զրուցել, նա արձագանեց. «Մոտակա ժամանակներում այդ հնարավորությունը չկա»։
Հավելենք, որ Ա․ Գասապարյանը եղել է КВН-ի «Նոր հայեր» թիմի անդամ։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ 2005-2014 թթ. եղել է մասնավոր ձեռնարկությունների սեփականատեր, տնօրեն։ 2014-2017 թթ.՝ Ռոսսելխոզբանկի Կառավարման Խորհրդի նախագահի խորհրդական։ 2018 թվականից Հայաստանի վարչապետի խորհրդականն է։
aysor.am


Նման նյութեր