Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆուտբոլը լավ խաղ է: Ֆուտբոլը ավելին է, քան սպորտը: Այն նաև արվեստ է: Գումարած՝ հավաքական խաղի, խմբային գործողության մշակույթ է դաստիարակում: Ու մեզ՝ հայերիս, համար շատ կարևոր է այս մշակույթը. մեզանից ամեն մեկը մի գեներալ է, բայց հարկ է, որ մեզ զինվոր զգանք, քանի որ ֆուտբոլում, ինչպես ցանկացած խմբային աշխատանքում, արդյունքն է գեներալի դերում:
Մի ժամանակ մտածում էի, որ մեր բնույթը պարզ երևում է մեր ֆուտբոլով՝ յուրաքանչյուրն ինքն է ուզում գոլ խփել: Հիմա կարծես գոլ խփել էլ չեն ուզում: Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է մեր ֆուտբոլում: Առաջ ուրիշ տեսակ սխալ էր, այսօր խաղը նայեցի՝ մի ուրիշ սխալ է, կամ նույն սխալի փոխակերպումն է մի ուրիշ վիճակի:
Մի խոսքով՝ տխուր է այս վիճակը. բոլորով նստում, նայում ենք, ցավոք, ի սկզբանե մտածելով, որ պարտվելու ենք: Կուզենայի իմանալ իրենք՝ ֆուտբոլիստները, ի՞նչ են մտածում, երբ դուրս են գալիս խաղադաշտ: Կուզենայի, որ իրենցից յուրաքանչյուրը անկեղծ խոսեր, բաց ասեր՝ ի՞նչ է մտածում, ինչու՞ է թիմը այսպես խաղում՝ առանց վախենալու կամ զգուշանալու ինչ-ինչ մարդկանցից կամ ինչ-ինչ հարցերից: Մի խոսքով՝ ֆուտբոլում անկեղծություն է անհրաժեշտ»: