«Հորինված ու կեղծ աղմուկ՝ ոչնչի մասին»․ Սաթիկ Սեյրանյան
Advertisement 1000 x 90

«Հորինված ու կեղծ աղմուկ՝ ոչնչի մասին»․ Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Այսօր վաղ առավոտից ռուսալեզու անհայտ ծագման մի կայքէջ՝ հղում կատարելով Telegram սոցցանցում «Բաղրամյան 26» անունով իշխանական պրոպագանդիստական ալիքին, «168 Ժամի» դեմ մի հրապարակում է ներկայացրել՝ մեզ մեղադրելով գերմանացի հեղինակավոր վերլուծաբան Ալեքսանդր Ռարի հետ «հորինված» հարցազրույց հրապարակելու մեջ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ հայտնի վերլուծաբանի հետ տասնյակ հարցազրույցներ կան հրապարակված և մեր կայքէջում, և տպագիր «168 Ժամում», որի հղումներից որոշները կներկայացնեմ ստորև։
Այնուհանդերձ, արձագանքելով համացանցում տարածված կազմակերպված և ինքնաբուխ մեղադրանքներին, իբրև թե «168 Ժամը» «հորինված» հարցազրույց է հրապարակել Ալեքսանդր Ռարի հետ` տեղեկացնեմ, որ «168 Ժամը» ևս մեկ անգամ այսօր կապ է հաստատել ճանաչված վերլուծաբանի հետ, ով ոչ միայն չի հերքում, ավելին, չի հրաժարվում «168 Ժամին» տարիներ շարունակ տված իր բազմաթիվ հարցազրույցներից, լավ ճանաչում է լրատվամիջոցի այն լրագրողին, ով հաճախակի է կապ հաստատում իր հետ: Իսկ վերջին հրապարակման մեջ Ռարն անդրադարձել էր ԼՂՀ հիմնահարցի բանակցություններում Արցախի մասնակցության թեմային, Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Տեխնիկական առումով լրագրողից՝ արտերկրյա փորձագետների հարցազրույցներ անելիս, կարծիքներ հավաքագրելիս, որոշակի ժամանակ է պահանջվում, առավել ևս, երբ թեմայի շուրջ մի քանի փորձագետների կարծիքներ են համադրվում մեկ հրապարակման մեջ։ Ռարի հետ հարցազրույցը վերցվել է հրապարակումից մի որոշ ժամանակ առաջ, որը վերլուծաբանն ինքն էլ ևս մեկ անգամ հաստատում է՝ իր զարմանքն արտահայտելով մեր հրապարակման շուրջ ստեղծված աղմուկի կապակցությամբ։
Հրապարակումն արվել է հարցազրույցից օրեր անց, և գերմանացի վերլուծաբանը նշում է, որ այսօր գուցե այլ կարծիք հայտներ՝ չգրավելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմը, հայտնելով ավելի հավասարակշռված կարծիքներ, ներկայացնելով եվրոպական մոտեցումը: Հստակեցնենք ևս մեկ անգամ, որ ղեկավարների մակարդակով հանդիպման մասին Ռարից կարծիք խնդրել էինք այն ժամանակ, երբ դեռ հստակեցված չէր Փաշինյան-Ալիև հանդիպման վայրն ու ժամկետը, սակայն հստակ էր, որ ընթանում է ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու նախապատրաստական աշխատանք: Տեղեկացնենք, որ առաջիկայում մենք շատ ավելի ծավալուն հարցազրույց կներկայացնենք գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարի հետ:
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր «168 Ժամի» (168.am) հրապարակումներում փորձում են հորինվածքներ գտնել և չհիմնավորված մեղադրանքներ հասցնել, տեղեկացնեմ։
«168 Ժամի» (168.am) լրագրողներն այսօրվա իրականության պայմաններում, չնայած բոլոր տեսակի իրական և ֆեյքային հարձակումներին, կատարում են իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը։ Եվ անում են բարեխղճությամբ՝ մեծ հարգանք տածելով առաջին հերթին իր ընթերցողի և մասնագիտության հանդեպ։ Ի դեպ, մեր ընթերցողներն օր օրի ավելանում են, և այդ պատկերը թվային տեսքով տեսանելի է իշխանական՝ մոնիտորինգներ անող բոլոր անհատներին և կազմակերպություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք էլ կարող ենք դրանք հրապարակել։
«168 Ժամը», ի տարբերություն շատ ու շատ ֆեյք կայքերի, պատասխանատվություն է կրում ցանկացած բառի համար և հնարավորության սահմաններում ներկայացնում է կողմերի տեսակետներն ու նրանց կողմից տրամադրված տեղեկատվությունը։ Բնականաբար, ոչ բոլորին կարող է դուր գալ մեր լրատվամիջոցը կամ մեր կողմից ներկայացվող բովանդակությունը։ Նախասիրության, ընկալումների, դիրքորոշումների և, վերջապես՝ ճաշակի հարց է։ Որևէ մեկն ազատ է ընտրելու իր ճաշակին հարմար լրատվամիջոցը։ Մեզ չեն վախեցնում բոլոր այդ տեսակի հարձակումները՝ հայհոյախառն, անձնավորված, և այլն։ Առավել ևս, երբ տեսնում ենք ֆեյք օգտատերերի, որոնք, տպավորություն է՝ առավոտյան, դեռ լույսը չբացված, «աշխատանքի» են դուրս գալիս Ֆեյսբուքում «168 Ժամի» հասցեին ինչ-որ հայհոյանքներ գրելու կամ հրապարակումների տակ ինչ-ինչ քոմենթներ գրելու նպատակով։ Օգտատերեր կան, որ կոնկրետ կցված են մեր կայքին։
Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե «ինչպե՜ս կարող է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահին պատկանող կայքէջը նման հրապարակումներ անել», կամ «ինչպե՜ս կարող է Սաթիկ Սեյրանյանը դասավանդել Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում» տիպի լալահառաչ գրառումներին, կարծում եմ, նույնիսկ չարժե անդրադառնալ։ Դրա համար բավական է ընթերցել լրագրողական իմ կենսագրությունից հատվածներ։
Ստորև ներկայացնում եմ «168 Ժամ» թերթում և 168.am-ում հրապարակված գերմանացի վերլուծաբանի հարցազրույցներից որոշ հղումներ»։
Հարգանքներով՝ Սաթիկ Սեյրանյան

https://168.am/2017/08/06/827394.html
https://168.am/2017/01/13/739913.html
https://168.am/2016/09/30/694293.html
https://168.am/2016/09/26/692710.html
https://168.am/2018/05/30/958862.html
https://168.am/2017/10/02/850648.html
https://168.am/2016/06/16/650273.html
https://168.am/2016/01/12/582588.html
https://168.am/2015/09/02/532457.html



Նման նյութեր