ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբենջանցիները, կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101-րդ տարելից։
Այս նախադասության մեջ կա առնվազն երկու սխալ։
1918թ-ի մարտին չէր կարող լինել ադրբեջանական որևէ բան՝ մշակույթ, պետություն, սպորտ, այդ թվում՝ ցեղասպանություն, քանի որ Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է «Coca Cola»- ի ստեղծումից (1886թ.) 32 տարի անց՝ 1918թ-ի մայիսին:
Ավելին,1918թ-ի մարտ- ապրիլ ամիսներին՝ ադրբեջանցի ազգ գոյություն չուներ։ Այսօրվա ադրբեջանցի կոչվողները մինչև 1936թ-ի ԽՍՀՄ սահմանադրությունը պաշտոնապես կոչվում էին կովկասյան թաթարներ, թուրքեր կամ ուղղակի մահմեդականներ։
Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարված հակահայկականության գաղափարով, որ չի ցանկանում Հայաստանից ու հայ ժողովրդից որևէ բանում հետ մնալ։
Այդ ամենը հասել է անհեթեթության աստիճանի, և որոշեցին ունենալ իրենց ցեղասպանության օրը:
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում։
1917թ-ին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Բաքվում իշխանության հասնելու համար պայքար էր մղվում Բաքվի խորհրդի և մուսավաթականների միջև։
Ամերիկացի պատմաբան Սմիթը նշում է, որ Բաքվի թաթարները զինվում էին և սպասում թուրքերի և մահմեդական լեգեոնի օգնությանը։
Բաքվի հայ բնակչությունը կանգնած էր ակնհայտ վտանգի առջև։ Այդ պայմաններում ռազմաճակատից վերադարձող հայկական զինվորականների մի մասը մնում է Արևելյան Հայաստանում՝ պաշտպանելու հայությանը թուրքական արշավանքներից, իսկ մի փոքր մասն էլ մեկնում է Բաքու՝ պաշտպանելու տեղի հայությանը մահմեդական թաթարների կոտորածից։
Փիթեր Հոփքիրքը նշում է, որ 1918թ-ի մարտի 30-ին թաթարները՝ չցանկանալով հայերի հզորացումը Բաքվում, օժանդակություն են խնդրում մահմեդական դիվիզիայից։
Նույն օրը Նարիմանովի բնակարանում բանակցելու նպատակով հանդիպում են Ստեփան Շահումյանն ու մուսավաթականների առաջնորդ Ռասուլզադեն։
Սակայն քիչ անց լուր է ստացվում, որ թաթարները կրակ են բացել ու հարձակվել Բաքվի խորհրդի հեծելազորի վրա։
Բախումներին սկիզբ են դնում ո’չ Բաքվի խորհուրդը Շահումյանի գլխավորությամբ և ո’չ էլ Համազասպի ջոկատները։ Այսպիսի պայմաններում Բաքվի ոչ մահմեդական ժողովուրդների պաշտպանությունն իրենց վրա են վերցնում Շահումյանը, Միկոյանը և Համազասպը։
Շահումյանն այս առիթով նշել է «… Եթե մուսավաթականները գրավեին Բաքուն, նրանք սրի կքաշեին և կոչնչացնեին ողջ ոչ մահմեդական բնակչությանը։
Բախումների ընթացքում երկու կողմից զոհվում է 3.000 մարդ։ Կրկնում եմ, զոհերը երկուստեք էին։ Եվ Ադրբեջանի ներկայացրած 30-35.000 թիվն անհեթեթություն է։
Ոչ միայն Շահումյանն է 3000 թիվը նշում, այլ նաև Սվենտոխոլսկին և Պայտը։
Բացի Շահումյանից նաև Սմիթն է նշում, որ բախումների ընթացքում սպանվել են թեʹ կովկասյան թուրքեր, թեʹ հայեր։
Հ.Գ. Դժբախտաբար, մուսավաթականներին հաջողվեց իրականացնել իրենց նենգ ծրագրերը։
1918-ի սեպտեմբերին,կովկասյան թուրքերը Բաքվում կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի, իսկ ռուս պատմաբաններ Վոլխոնսկու և Մուխանովի տվյալներով՝ սպանվեց շուրջ 35.000 հայ։
Հ.Գ. Հերթական անգամ դահիճն իրեն դնում է զոհի տեղ։
Սա անթույլատրելի է»: