Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլ»-ի պատգամավորին կոչ արեց զուսպ լինել. թեժ քննարկում ընդդիմության նախագիծն օրակարգ չընդգրկելու շուրջ
Advertisement 1000 x 90

Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլ»-ի պատգամավորին կոչ արեց զուսպ լինել. թեժ քննարկում ընդդիմության նախագիծն օրակարգ չընդգրկելու շուրջ

ՀՀ ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն իրենց ելույթներով հակադարձեցին միմյանց` ընդդիմության նախագծերն օրակարգ չընդգրկելու առիթով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմությունը բերում է վիճելի բովանդակությամբ նախագծեր, ընտրում է սաբոտաժ անելու պրակտիկան: ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով պատգամավորին, կոչ արել զուսպ լինել: Համազասպ Դանիելյանի ելույթն անարձագանք չթողեց նաև մյուս ընդդիմադիր խմբակցության` «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց  ընդդիմադիր ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ներկայացրած այն նախագծերը, որոնց գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Քննարկում ծավալվեց հատկապես ԲՀԿ-ի պատգամավորների ներկայացրած այն նախագծի շուրջ, որով առաջարկվում էր զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել միայն 12 ամիս ծառայություն անցնելուց ու պատրաստվելուց հետո:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ շատ հստակ նախագծեր էին ներկայացրել, խոսել էին մարդկանց հետ, քննարկել: «Որ նախագիծը չեք ուզում ընդունել, ասում եք` պոպուլիզմ: Հանձնաժողովը քաղաքական մարմին է, բայց շատ վատ է, որ հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդի էությունը, դեմ են քվեարկում և լիագումար, և նախագիծը նիստի օրակարգ այլ տպավորությամբ է մուտք գործում»,- նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթում նշեց` արդեն ավանդույթ է դառնում, երբ ընդդիմություն հանդիսացող խմբակցությունները բերում են նախագծեր, որոնց բովանդակությունը մեղմ ասած վիճելի է: «Եվ պոպուլիզմ բառն իսկապես տեղին է: Ավանդույթ է դարձել հանդես գալ ժողովրդի անունից: Եկեք դադարեցնենք այն պրակտիկան, թե ով է ժողովրդին ավելի մոտ: Գևորգ Պետրոսյանից ողջամտության մասին ելույթներ ենք լսում… Ընտրված է` սաբոտաժ անելու մարտավարություն` հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի, միգուցե օգտակար որոշումներ բերելու, և իրենք էլ չեն պատկերացնում , թե դրանք ինչպես են իրականացվելու»,- նշեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով նրան, թե ինչ է արել ԲՀԿ-ն` նշեց. «Ես կարծում եմ, որ դուք պետք է տարրական բարոյականություն ունենաք` նման հարցը չհնչեցնելու: Համազասպ Դանիելյան, մի քիչ զուսպ եղեք: Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երևի թե ձեր քաղաքական փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատելու»,- ասաց Զոհրաբյանն ու կոչ արեց ամեն տեղ չփորձել թշնամի գտնել:

Էդմոն Մարուքյանը ևս անդրադառնալով Համազասպ Դանիելյանի ելույթին, մասնավորապես սաբոտաժ անելու մասին որակավորմանը` նշեց. «Կարող եք արդյոք մեկ օրինակ բերել, երբ կառավարությունը լավ բան է ցանկացել անել, սաբոտաժ ենք արել: Հեղափոխությունը եղել, ավարտվել է, դուք քաղաքական մեծամասնություն եք, գործ արեք, ով է ձեզ սաբոտաժ անում: Ամեն արված լավ բանի համար վարչապետի և ձեր կողքին կանգնած ենք»,- եզրափակեց Մարուքյանը:



Նման նյութեր