Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին. armeniasputnik.am

Հայոց ցեղասպանությունից հետո Ամերկոմի որբանոցները շատ որբերի համար փրկության միակ ապաստարաններն էին: Շատերի ճակատագրերը հենց այս որբանոցները «գրեցին»:

1910 թվականին ծնված Ղևոնդ Էլբակյանի համար որբանոցը փրկության օղակ էր, բայց նաև դրանք իր կյանքի այն տարիներն էին, որոնց մասին խոսել չէր սիրում:

Ղևոնդ Էլբակյանի դուստրը՝ Սուսաննան , անկեղծանում է՝ հայրը  երբեք չէր պատմում որբանոցում անցկացրած տարիների մասին, միայն թե աչքերի տխրությունը մատնում էր նրան՝ պատմելով մաշված տրեխների, կորցրած  քրոջ ու դառը մանկության մասին:

Էրզրումի Թերջան քաղաքից էին. 1800 -ականներին նախ գաղթել էին Նավառասիսկ, ապա այնտեղից, ցանկանալով վերադառնալ Կարս, հետ են եկել, բայց հիմնավորվել Ալեքպոլ գավառում: Ղևոնդի պապը տիրացու էր, որը ծառայության անցնելով Մարմաշենի վանական համալիրում, ընտանիքի հետ բնակություն էր հաստատել այնտեղ: «Պապիկիս հայրը մեքենավար էր, կնոջը` մեծ տատիս, քաղաքից փախցրել, տարել էր Մարմաշեն: Մեծ տատս երիտասարդ հասակում մահացել էր կայծակից, այդ ժամանակ պապիկս  8 տարեկան է եղել, մեծ հորեղբայրս՝ 6, հորաքույրս՝ 4:

1920 թվականին, երբ թուրքերը եկել լցվել են Ալեքսանդրապոլ, տատիկիս քույրը ՝Փեփրոնը, ցանկանալով փրկել մեծ պապիկիս՝ քրոջ երեխաներին որբ չթողնելու համար, իր ոսկիները տանում է, որ փաշային տա։ Բայց նրան այդպես էլ չի հաջողվում փրկել փեսային»: Շատերի նման Ղևոնդի պապի հայրն էլ թուրքի ձեռքով զոհվում է Հերհերի ձորում: Որբացած  Ղևոնդը`եղբոր ու քրոջ հետ հայտնվում է որբանոցում:

Որբանոցում շատ խիստ կարգ ու կանոն է գործել: «Հայրս շատ քիչ էր պատմում որբանոցի մասին, խուսափում էր խոսել, բայց ասում էր, որ լավ էր՝ տաք  ճաշեր էին տալիս: Երեխաները շատ էին, տարածվել  էր քոսը, դրա համար էլ շատերի մազերը խուզած էին: Սկզբում հայրս միշտ եղել է հորաքրոջս հետ՝ ձեռք ձեռքի բռնած, բայց օրերից մի օր հորաքրոջս տանում են ՝ ուր այդպես էլ մինչև կյանքի վերջ հայրս չի իմանում: Միայն միշտ ասում էր , որ քրոջ՝ Եպրաքսիայի ձեռքը միշտ զգում է իր ձեռքի մեջ ու չէր մոռանում ինչպես են վերջին անգամ հորաքրոջս իր մոտից լացով տարել»,–պատմում է Սուսաննան:

Որբանոցում Ղևոնդը մնացել է 4 տարի: Քրոջն այդպես էլ չի գտնել, բայց մի քանի տարի անց գտել է եղբորը: «Պատմում էր, թե ինչպես որբանոցում իր տրեխները տեսնելով կոշիկ են տվել: Ասում էր ՝ կոշիկի մեջ ոտքերս, վերջապես, տաքացել էին»,- ասում է տիկին Սուսաննան`  նշելով, որ իրենց ընտանիքում հայրը միշտ արգելել է ոտաբոբիկ ման գալ՝ ըստ երևույթին, հենց իր ոտաբոբիկ ու տրեխներով անցյալից վախեցած:

Էլբակյաններին Ամերկոմի որբանոցից ոչ միայն այս կանոնն է փոխանցվել. Ղևոնդը հետագայում իր 10 զավակներին փոխանցել է նաև գրական խոսելն ու ճիշտ վարվելակերպը:

Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեն (Ամերկոմ) ձևավորվել է 1918 թ. այդ տարածաշրջանում 1915 թվականից արդեն գործող ամերիկյան բարեգործական հաստատությունների՝ հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեների միավորմամբ: Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված տասնյակ հազարավոր հայ որբերի խնամքն ապահովելու համար այդ կոմիտեները բազում որբանոցներ էին պահում Սիրիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Պաղեստինում, Կոստանդնուպոլսում և այլուր:

Անդրկովկասում և հատկապես Հայաստանում այդ աշխատանքը լայնածավալ բնույթ է կրել 1919 թ. գարնանից: Հայաստանի առաջին Հանրապետության խնամատարության և աշխատանքի նախարարության՝ 1919 թ. հունվարի 15-ի տեղեկագիրը արձանագրել է, որ Հայաստանի տարածքում կար 45 որբանոց։ Հայաստանում գտնվող որբերի մեծ մասը 1915 թվականին Վասպուրականից և հարակից շրջաններից՝ Տարոնից, 1918 և 1920 թվականի թուրք արշավանքից ճողոպրածներն էին: Նրանց թիվը կազմում էր ավելի քան 50 հազար, որոնցից 35 հազարը պատսպարվում էր Ալեքասնդրապոլում:

armeniasputnik.am



Նման նյութեր