Չորեքշաբթի օրը թագաժառանգ Նարուհիթոն պաշտոնապես օծվեց որպես Ճապոնիայի կայսր: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Վեհության զգացումով եմ լցվում, երբ մտածում եմ ստանձնածս կարևոր պատասխանատվության մասին», ասել է Նարուհիթոն: Նորընտիր կայսրը խոստացել է գործել Ճապոնիայի սահմանադրության համաձայն, նպաստել ճապոնացիների միասնությանն ու աշխարհում խաղաղության պահպանմանը:
Նշենք, որ Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն ապրիլի 30-ին պաշտոնապես հրաժարվեց գահից: Աքիհիթոյին փոխարինելու է նրա 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Սա վերջին երկու հարյուրամյակների ընթացքում գահակալի առաջին հրաժարականն է Ճապոնիայում: