Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Երևան: Այս մասին հայտնեցին «Հայկական ժողովրդային շարժման» գրասենյակից:
Յանիկյանի վերջին հանգստավայրը լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է հերոսի խորհրդանշական տապանաքարը:
«Հերոսի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը»,- հայտնել են գրասենյակից։
Հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում ( Արևմտյան Հայաստան): Հայոց ցեղասպանության ականատես Յանիկյանը 1973 թ. հունվարի 27-ին 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին, ինչից հետո ինքնակամ ներկայացավ ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում խիզախորեն պաշտպանեց հայոց ոտնահարված իրավունքների հարցը։
Յանիկյանը 1973թ. հունիս 2-ին ցմահ բանտարկության դատապարտվեց։ 1984-ի փետրվարի 10-ին, վատառողջ և ֆիզիկապես տկարացած, բանտից փոխադրվեց հիվանդանոց և 17 օր հետո, փետրվարի 27-ին մահացավ հիվանդանոցում։