Շատ ավելի հասանելի ու օպերատիվ. Հայկական ռադիոների ղեկավարները՝ ռադիոյի դերի ու նշանակության մասին
Advertisement 1000 x 90

Շատ ավելի հասանելի ու օպերատիվ. Հայկական ռադիոների ղեկավարները՝ ռադիոյի դերի ու նշանակության մասին

Մայիսի 7-ը համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի օր։ 1895թ. հենց այդ օրը ռուս գիտնական ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը եւ հաստատեց առաջին ռադիոկապը: Ամեն տարի այս օրը նշվում է նաև Հայաստանում՝ մեկ անգամ ևս անդրադառնալով ռադիոյի անցած ուղուն, ձեռքբերումներին:

Օրը տոնական է «ArmnewsFM» ռադիոկայանում: Տնօրեն Լիլիթ Թումանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ վաղ առավոտից ստանում են բազմաթիվ շնորհավորանքներ, ինչն ավելի ջերմությամբ է լցնում օրը:

«Թեպետ, տոն է, շնորհավորանքներով լի, սակայն մենք շարունակում ենք աշխատել: Ես ցանկանում եմ ընդգծել, որ ռադիոն մեր աշխարհն է, ոչ թե պարզապես աշխատատեղ, այն կենսակերպ է դարձել»,- ասաց Լիլիթ Թումանյանը:

Նա հիշում է, թե ինչպես մոտ տասը տարի առաջ իր առաջին գործունեությունը սկսեց ռադիոյում: Կարճ ժամանակ անց, ինչպես ինքն է բնորոշում, ռադիոն կամաց-կամաց սկսեց իրեն ամբողջությամբ կլանել:

«Ինչի համար շատ ուրախ եմ: Ռադիոն համարում եմ մարդուն մոտ կանգնած լրատվամիջոց: Կարծում եմ, որ ավելի շատ ենք կարողանում զրուցել մեր լսարանի հետ, քան որևէ այլ մեդիա: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ռադիոն նույնպես փոփոխության է ենթարկվում, գնում է դեպի համացանց, սակայն դա բնավ չի փոխում իր տեղն ու դերը, ընդհակառակն, այն ավելի է ընդլայնում: Կան մտահոգություններ, որ ռադիոն կարող է կորչել, բայց իրականությունն այլ բանի մասին է խոսում: Ռադիոյի անհրաժեշտությունը և պահանջարկը կա, և այն շարունակում է աճել: Դա վկայում է այն մասին, որ ռադիոընկերությունների թիվն ավելանում է: Մենք շարունակում ենք զարգանալ, լինել շատ ավելի հասանելի, ու օպերատիվ:

«Սպունտնիկ Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի աշխատանքային գործունեության վառ փուլերից է ռադիոկայանում աշխատելը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հետաքրքիր հիշողություններ են կապված ռադիոյի հետ:

«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առանձնահատուկ նշանակություն ունեն ռադիոյում աշխատելու տարիները: Ես երկրորդ կուրսի ուսանող էի, երբ սկսեցի աշխատել ռադիոյում: Այն համալսարանի կողքն էր և շատ հարմար էր ուսման հետ աշխատանքը համատեղելը: Մի որոշ ժամանակ աշխատելով՝ կարողացել եմ ունենալ իմ հեղինակային ծրագիրը: Ի դեպ, այդ տարիներին ստացա լրագրողի իմ առաջին վկայականը, կարմիր կաշվե գրքույկի տեսքով, շատ տպավորիչ էր, շատ հաճելի ու հետաքրքիր պահեր էին»,-ասաց Դմիտրի Պիսարենկոն: Ռադիոյի օրը «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանում սկսել են աշխատանքային, սակայն օրվա շնորհավորանքները այն դարձրել են տոն:



Նման նյութեր