Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը
Advertisement 1000 x 90

Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ու պատերազմի ամբողջ ճանապարհն անցած վետերանը ընտանեկան մթնոլորտում զրուցել են երեկվա, այսօրվա ու վաղվա մասին՝ պատերազմի բովից հասնելով այսօրվա Հայաստանին ու հայ ժողովրդին: Հանրապետության նախագահն անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է Միկիտ Ամիրյանի առողջական վիճակով, հարց ու փորձ արել ընտանիքից ու անցած ուղուց: 99-ամյա վետերանն իր մարտական ուղին սկսել է Կովկասից, մարտնչել Ուկրաինայում, Լեհաստանում, մասնակցել Պրահայի, Բեռլինի ազատագրմանը:

Ջերմ շնորհավորանքներից բացի նախագահ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել 99-ամյա վետերանին և ի դեմս նրա՝ բոլոր վետերաններին՝ կերտած հաղթանակի, իրենց վաստակի ու հայրենիքին նվիրվածության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել և խոստացել, որ հաջորդ տարի միասին նշելու են Միկիտ Ամիրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը:



Նման նյութեր