Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մասին
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մասին

«Փաստաթղթերի կորուստը հատուկ ծառայություններից, արտառոց դեպք է, այդպիսի դեպք եղել է նաև 90-ականներին, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ… Ով էդպիսի բան նախաձեռնել է, անհետևանք չի մնա. կհայտնաբերվեն և՛ իրականացնողները, և՛ փաստաթղթերի վերականգնման գործընթաց կգնա: Իսկ ինչի՞ հետ առնչություն կունենան՝ կարող է Մարտի 1-ի հետ կամ այլ բաների: Նշանակում է՝ մարդիկ կան, որ լուրջ անհանգստացել են փաստաթղթերի գոյությամբ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերին:

Հիշեցնենք՝ այդ տեղեկությունը մեծ ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետը. «Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նույն օրը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, թեմայի վերաբերյալ հարց էր հնչեցրել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:

mamul.am