ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագիրը:
Ծրագիրը պետք է իրականացվի 4 տարվա ընթացքում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ «Արժանապատիվ աշխատանք»-ն ունի 3 գերակայություն:
«Առաջին գերակայությունն՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորումն է, որտեղ ակնկալում ենք օրենսդրական բարեփոխումներ, միջազգային չափանիշներին համապատասխան: Երկրորդ գերակայությունը՝ զբաղվածության քաղաքականության բարելավումն է, մասնավորապես, կանանց, տղամարդկանց և այլ խոցելի խմբերի հավասար հնարավորությունների ստեղծումն աշխատաշուկայում: Երրորդ գերակայությունը՝ սոցիալական գերակայությանն ուղղված գործողությունն է, որն իրենից ենթադրում է կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում»,- նշեց Բաթոյանը:
Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերը շեշտեց, որ արժանապատիվ աշխատանք նշանակում է աշխատանք, որի համար ստանում ես համապատասխան արժանապատիվ աշխատավարձ, լավ աշխատանքային պայմաններ, սոցիալական պաշտպանություն:
«Այս ամենին հասնելու համար գոյություն ունեն ԱՄԿ-ի կոնվենցիաներ, որոնք կիրառելու համար պետք է ստորագրվեն և վավերացվեն անդամ պետությունների կողմից: Այս ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանը՝ իրականացնել այդ կոնվենցիաները, որոնք ստորագրվել են Հայաստանի կողմից»,- ասաց Քոլլերը:
Նրա խոսքով՝ «Արժանապատիվ աշխատանք»-ը նաև պայքար է մանկական, հարկադիր աշխատանքների, ինչպես նաև խտրականության դեմ: