Քաղաքական մեկնաբանը չի կարծում, թե Արցախից եկող տրամադրությունները հակահեղափոխական լրջագույն ռիսկ են պարունակում. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Քաղաքական մեկնաբանը չի կարծում, թե Արցախից եկող տրամադրությունները հակահեղափոխական լրջագույն ռիսկ են պարունակում. azatutyun.am

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կարծում, թե վերջին օրերին Արցախից եկող տրամադրությունները հակահեղափոխական ինչ-որ լրջագույն ռիսկ են պարունակում։

Ըստ քաղաքական մեկնաբանի, Հայաստանի հանրությունն ակնհայտորեն բացասական է ընկալում Արցախի իշխանությունների տրամադրվածությունը, սակայն Բադալյանը չի կարծում, թե առանձնապես սպառնալիք կա Հայաստանում ներքաղաքական վիճակին, թավշյա հեղափոխությանը։

«Հայաստանի հանրությունն Արցախի իշխանության էդ տրամադրվածությունն ակնհայտ բացասական է ընկալում, բայց ես չեմ կարծում, որ այստեղ առանձնապես մեծ խնդիր կա, սպառնալիք կա Հայաստանում ներքաղաքական վիճակին, սպառնալիք կա թավշյա հեղափոխությանը, կամ, ինչպես ասում են, հակահեղափոխական ինչ-որ լրջագույն ռիսկ է պարունակում իր մեջ այդ դիրքորոշումը։ Ի վերջո, մենք հասկանում ենք, որ Արցախի իշխանությունը Հայաստանի նախկին իշխող համակարգի մաս էր կազմում։ Էդ հանգամանքը նշանակում է համատեղ անցած ճանապարհ՝ բոլոր, այսպես ասած, մութ և լույս կողմերով։ Եվ շատ հասկանալի է, որ այնտեղ դիրքորոշումը պետք է լիներ Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելը, խափանման միջոցը փոխված տեսնելը», – «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը նշեց՝ այս ամենը պետք է շատ ավելի հանգիստ ընդունել և շարունակել անել այն գործը, որը բխում է հեղափոխության օրակարգից։

«Այստեղ խնդիրը հետևյալն է նաև՝ շատ լուրջ պահ կա, որ էսպիսի դրսևորումները Հայաստանի հանրության մեջ ընկալվում և նաև շատ շրջանակներից գեներացվում են ռիսկի տեսքով, և սա մի տեսակ անհամարժեք է այն հաղթանակին, որ արձանագրվել է թավշյա հեղափոխությամբ։ Այսինքն՝ թավշյա հեղափոխության հաղթանակող հասարակությունը չպետք է առանձնապես խուճապի կամ սուր տագնապի մեջ հայտնվի Արցախի իշխանության էդպիսի դիրքորոշումներից։ Սրանք, իհարկե, հակոտնյա են Հայաստանի շահերին և տրամադրություններին, բայց նաև շատ հասկանալի պատճառներ ունեն, և այս ամեն ինչը պետք է, կարծում եմ, շատ ավելի հանգիստ ընդունել և շարունակել անել այն գործը, որը բխում է հեղափոխության օրակարգից։ Սա Հայաստանի արդիականացումն է և նաև, իհարկե, Երևան-Ստեփանակերտ պաշտոնական մակարդակով հարաբերությունների վերափոխումը։ Ի վերջո, մի առանցքային հանգամանք էլ կա, որը պետք է նկատի ունենալ՝ որ Արցախը դա Արցախի իշխանությունը չէ, որ Արցախը դա Արցախի հանրությունն է նաև, որն իր տրամադրություններով, իր մտածողությամբ, իր հետաքրքրությամբ և իր շահերով միանգամայն համարժեք է Հայաստանի հանրության շահերին, տրամադրությանը, հետաքրքրություններին», – ասաց Բադալյանը։

Նշենք, որ Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսյան եռատոնին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, սակայն Հայաստանի դատախազությունը շեշտել էր, թե այդ որոշումը դուրս է իրենց լիազորությունից, քանի որ Քոչարյանի գործն արդեն դատարանում է:

Օրեր առաջ էլ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանը դատարանին ներկայացրեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, որով նրանք երաշխավորում են, որ Քոչարյանին կալանքից ազատելու դեպքում նա պատշաճ վարքագիծ կդրսևորի և չի խոչընդոտի գործի քննությանը: Երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում։

Ղարաբաղյան վերնախավի այս դիրքորոշումը հակասական տրամադրություններ առաջացրեց Հայաստանում։

azatutyun.am