«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերջին 10 օրում հեմոդիալիզի 25 սարքերից 3-ը շարքից դուրս են եկել: ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ մի քանի հերթափոխով հեմոդիալիզ է ստանում 150 պացիենտ: Որպեսզի նրանց սպասարկման հետ կապված ոչ մի խնդիր չառաջանա, ստիպված էին մի քանի սարք բերել պահուստից:
Տնօրենի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչն է եղել սարքերի անսարքության պատճառը. դա կպարզի անկախ փորձաքննությունը, որի արդյունքները հայտնի կլինեն մոտ ապագայում:
Հետաքրքիր է, որ այս տարի փոխվել է բժշկական կենտրոնը սարքավորումներով և դրանց սպասարկմամբ ապահովելու մրցույթների անցկացման կարգը: Տնօրենը նշեց, որ անցյալում սարքավորումը տրամադրող ընկերությունը զբաղվում էր նաև դրա սպասարկմամբ: Մի քանի տարի շարունակ միևնույն ընկերությունը՝ «Ֆրեզան» ԲԲԸ-ն հաղթում էր մրցույթում և հիվանդանոցն ապահովում թե՛ սարքավորմամբ, թե՛ դրա սպասարկմամբ, և և ոչ մի խնդիր չէր առաջանում:
Նոր կարգի համաձայն՝ այս տարի անհրաժեշտ էր անցկացնել երկու առանձին մրցույթ, ընդ որում՝ առաջինին մասնակցում էին բավականին մեծ թվով սարքավորում մատակարարողներ, և հաղթել են նրանք, որոնք ամենացածր գինն են առաջարկել՝ «Ֆրեզան» ՍՊԸ-ն և «Տեոֆարմա» ՍՊԸ-ն, որի հետ հիվանդանոցը նախկինում երբեք չի աշխատել: «Տեոֆարման» հեմոդիալիզի սարքերի համար մեկանգամյա օգտագործման խողովագծեր է տրամադրել:
Իսկ ահա սարքերի սպասարկման հետ կապված խնդիրներ են առաջացել. ոչ մի ընկերություն չի ցանկացել մրցույթին մասնակցել, և այս պահին դիալիզի սարքավորման սպասարկման կազմակերպման հարցը բաց է մնում:
Տնօրենը նշեց, թե անհայտ է՝ սարքերը շարքից դուրս են եկել սարքի կամ դրա առանձին մասերի սկզբնական ցածր որակի՞ պատճառով, թե՞ այն պատճառով, որ դրա պատշաճ սպասարկում չի կազմակերպվել: Ամեն ինչ պարզ կլինի, երբ ինժեներների խումբը, որի մեջ մտել են ինչպես անկախ մասնագետներ, այնպես էլ մրցույթը հաղթած ընկերության մասնագետները, որոշում կընդունի: