Երեւանի քաղաքապետարանի կողմից հրատապ կարգով ձեռք բերված աղբատար «Կամազ» մակնիշի հինգ մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերով հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեք»-ին վճարվելիք գումարից: «Մեքենաները պատկանում են համայնքին և կառավարվելու են համայնքային կազմակերպության կողմից»,-նշել է Հակոբ կարապետյանը, ուղիղ եթերով ցուցադրելով, թե ինչպես են նոր մեքենաներն աղբահանություն իրականացնում Նոր Նորքի 2-րդ զանգվածում:
Քաղաքապետի խոսնակի հաղորդմամբ՝ քաղաքապետարանը ևս շուրջ 20 մեքենաների ձեռքբերման գործընթացի մեջ է և ամառվա կեսերին ակնկալվում է, որ մնացած մեքենաները կլինեն քաղաքում, ինչն ավելի կթեթևացնի մայրաքաղաքի աղբահանության գործընթացը:
Անդրադառնալով աղբամանների ոչ բարվոք վիճակին, Կարապետյանը նշել է, որ վնասված աղբամանները հնարավոր չէ մեխանիզմի միջոցով բարձրացնել և նորմալ գործընթացի համար քաղաքին 8000 աղբաման է անհրաժեշտ: «Այս պահի դրությամբ Երևանում «Սանիթեք»-ի տվյալներով հինգ հազարից վեց հազար աղբաման կա տեղադրված, սակայն կարելի է փաստել, որ դրանց մեծ մասը վնասված է, կամ գոյություն չունի:
Հակոբ Կարապետյանն ընդգծեց, որ Երևան համայնքը վերջին 30 տարիների ընթացքում նման ծավալի գնում չէր կատարել: «Հինգ մեքենաները ձեռք են բերվել հրատապ կարգով, իսկ մնացած 20-ը ձեռք կբերվեն մրցույթի արդյունքում: Առարկայական հույս կա, որ այս ամառ մենք աղբահանության խնդրից ի վերջո ձերբազատված կլինենք»,- հավելել է խոսնակը: