Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում։
Ինչպես հայտնեցին «Ազնավուր» հիմնադրամից, մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպել էր երկու նշանակալի միջոցառում։
Հուշատախտակի բացում
Մայիսի 21-ի առավոտյան՝ Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում՝ Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36, բացվեց մաեստրոյի հուշատախտակ։ Փարիզ ժամանելուց հետո հենց այս հասցեում է բնակություն հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և այստեղ էլ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։
Հուշատախտակի բացման միջոցառմանը մասնակցել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ազնավուր ընտանիքի անդամները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մեծ արտիստի երկրպագուները։
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ողջունել է ներկաներին և ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել Փարիզի քաղաքապետին և քաղաքային իշխանություններին՝ միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար համար։
«Վաղը մենք նշելու ենք իմ հոր ծննդյան 95-ամյակը, սակայն մենք փառաբանում ենք նրան յուրաքանչյուր օր։ Մեր ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է պահպանել Շառլ Ազանվուրի մշակութային և մարդասիրական գործունեությունն ու ժառանգությունը, փառաբանել և վառ պահել նրա հիշատակը։ Հուշատախտակի բացումը Մսյո լը Պրենս փողոցում նշանավորում է միջոցառումների շարքի մեկնարկը, որոնք կազմակերպվելու են ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է Նիկոլա Ազնավուրը։
Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն իր խոսքում նշել է․
«Փարիզը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրին: Նա մեր քաղաքի սիրելի զավակներից է, մեր քաղաքի, որ սիրում է բոլոր նրանց, ովքեր եկել են տարբեր վայրերից և կրողն են մեծահոգության և մարդկանց առաջ բաց լինելու իր արժեքների»,- ասել է Անն Հիդալգոն։
Փարիզի քաղաքապետը նաև նշել է, որ «այլ անակնկալներ են սպասվում՝ նշանավորելու Շառլ Ազանվուրի ներկայությունը Փարիզում»։ Նա շնորհակալություն է հայտնել «Ազնավուր» հիմնադրամին՝ արտիստի հիշատակին նվիրված միջոցառումները նախաձեռնելու համար։
Համերգ Փարիզի քաղաքապետարանի մերձակա հրապարակում
Տոնակատարությունը համերգային ձևաչափով շարունակվեց Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում։ Համերգին ելույթներով հանդես եկան Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ։