Պատրիկ Ֆիորիի` հանդիսատեսի շարքեր իջնելը, Ազնավուրի չկատարած երգն ու Ֆրանսիայի աստղերի մասնակցությամբ երևանյան համերգի մյուս հետաքրքիր դրվագները. life.tert.am
Advertisement 1000 x 90

Պատրիկ Ֆիորիի` հանդիսատեսի շարքեր իջնելը, Ազնավուրի չկատարած երգն ու Ֆրանսիայի աստղերի մասնակցությամբ երևանյան համերգի մյուս հետաքրքիր դրվագները. life.tert.am

Մարդ, որը չէր դժգոհում իր տարիքի բերած անհարմարություններից ու պատրաստ էր ապրել 1000 տարի, բայց 94 տարի պետք է ապրեր։ Տարիներ առաջ Ազնավուրն ասել էր, որ իր երազանքն է, որպեսզի իր մահից հետո իր երգերից գոնե մեկն ապրի, այնինչ հնչում ու ապրում են նրա բազմաթիվ երգեր։

Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան։ Աշխարհահռչակ շանսոնյեի տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կայացավ համերգ` ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։ Tert.am Life-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները։

Ազնավուրի երգերը հնչեցին Պատրիկ Ֆիորիի, Հելեն Սեգարայի, Սլիմանի, Լեա Կաստելի, Քեյթ Ռայանի, Րաֆֆի Արտոյի կատարմամբ։ Նրանցից յուրաքանչյուրը կատարեց մեկական երգ Ազնավուրի, մեկական երգ` իր երգացանկից։ Հայտնի երգերն այլ կատարողների ներկայացմամբ լսելը փոքր-ինչ անսովոր էր, բայց նրանք ամեն բան արել էին, որպեսզի Ազնավուրի ձեռագիրը չփոխվեր։ Արտիստները ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և դուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ։

Ազնավուրի հոբելյանին նվիրված երեկոն անցավ «ազնավուրյան» տրամադրությամբ։ Կատարողները խոսում էին Ազնավուրի հանդեպ իրենց հարգանքի, Հայաստանում լինելու համար ուրախ լինելու մասին։ Երեկոն վարում էին Արման Մարգարյանն ու Աննա Գրիգորյանը, ովքեր մեջբերումներ էին անում տարբեր տարիներին Ազնավուրի հնչեցրած մտքերից։

Երգչուհի Ամալյա Մարգարյանը  համերգի միակ մասնակիցն էր Հայաստանից։ Նա կատարեց Ազնավուրի այն երգը, որն ինքը`շանսոնյեն, չէր կատարել։ Ազնավուրի հեղինակած խոսքերի հիման վրա Մարինե Գյուլումյանը գրել էր երաժշտություն։ Հենց նրա նվագակցությամբ էլ Ամալյա Մարգարյանը կատարեց Ազնավուրի նոր երգը, որն արժանացավ լսարանի ջերմ ընդունելությանը` ևս մեկ անգամ ցույց տալով, որ նրա երգերը դեռ երկար են ապրելու։

Երեկոյի ամենասպասված պահը, թերևս, Պատրիկ Ֆիորիի ելույթն էր։ Մինչև երգերը կատարելը նա Հայաստանին փոխանցեց հոր` Ժակ Շուշանյանի ողջույնները, ինչն անելու համար բեմից իջավ հանդիսատեսի մոտ` արժանանալով հանդիսատեսի ջերմ ծափողջույններին։

Մեկուկես ժամ տևած համերգը մեկնարկեց ու ավարտվեց Ազնավուրի կատարումներով հավաքված տեսանյութերով։ Համերգի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն էր։

life.tert.am