Դավիթ Գարեջի վանական համալիրում այս պահին բողոքի ակցիա իրականացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել՝ այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է:
Ակցիայի մասնակիցներից Լեյբորիստական կուսակցության անդամ Դաթո Չխիրտիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմն այսօր որոշել է Դավիթ Գարեջիի վանական համալիրում նշել Ադրբեջանի անկախության օրը, ինչը իրենք թույլ չեն տա, քանի որ տարածքը վրացական է:
Ակցիայի մասնակիցները լրատվամիջոցի հետ զրույցում ասել են, որ օրեր առաջ բերդի վրա իրենց կողմից բարձրացված Վրաստանի դրոշը հեռացվել է, ուստի այդ հարցով իրենց բողոքն ուղղված է նաև Վրաստանի կառավարությանը:
Հասարակական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նշում է՝ թույլ չեն տալու, որ Ադրբեջանն օկուպացնի Գարեջիի համալիրը․ «Գարեջին դա Վրաստանն է, Չիչխիտուրին Վրաստանն է։ Ո՛չ «Սոկար»-ի դոլարներին, ո՛չ Գարեջիի օկուպացիային»։
Հիշեցնենք՝ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի անապատի վանքը։
Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է: