Վարդան Մինասյան. Եթե մենք չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի ենք դրան
Advertisement 1000 x 90

Վարդան Մինասյան. Եթե մենք չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի ենք դրան

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու առաջին իսկ մրցաշրջանում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Տիտղոսի համար «Փյունիկի» հետ լարված պայքարը հանգուցալուծվեց միայն վերջին տուրում. «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին» ու 1 միավորով շրջանցեց «Փյունիկին»:

Խաղից հետո իր տպավորությունների մասին խոսեց և լրագրողների հարցերին պատասխանեց նորընծա չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

– Կարող եմ ասել, որ մենք գրեթե անթերի խաղացինք թե պաշտպանությունում, թե հարձակման գծում և արժանիորեն հաղթեցինք թե այս խաղը, թե առաջնությունը:

– Ալբերտ Խաչումյանի մասին ի՞նչ կասեք: Նա բավականին երիտասարդ է և այսպիսի պատասխանատու խաղի մասնակցեց:

– Նախ ասեմ, որ մենք ստիպված էինք այդ որոշումն ընդունել: Ինչ վերաբերում է Ալբերտին, նա մասնակցել է Կիպրոսի մեր հավաքին ու խաղաշրջանի ամբողջ ընթացքում եղել է մեզ հետ, մարզվել է: Այսինքն, ինքը ծանոթ էր տակտիկական սկզբունքներին, արագություններին: Ինձ համար նա ամենահեռանկարային երիտասարդ կենտրոնական պաշտպանն է:

– Ինչպիսի՞ մթնոլորտ է հանդերձարանում:

– Տոնական մթնոլորտ է: Շատերի համար, կարծեմ՝ 80-90 տոկոսի համար սա առաջին չեմպիոնությունն է: Նրանց համար սա շատ լավ զգացություն է:

– Այս հաղթանակից հետո միշտ խոսելու են «Լոռի» – «Փյունիկ» խաղի, մրցավարի կոպիտ սխալի մասին: Այդ հարցով ի՞նչ կասեք:

– Ընդհանրապես, կա բումերանգի էֆեկտ: Մարդ ինչ տալիս է, այն էլ ստանում է: Եթե մենք այսօր չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի ենք դրան: Իսկ ինչ են խոսում շրջապատում. թող ամեն մեկը նախ իրեն նայի հայելու մեջ, նոր հետո խոսի: Ամենավատը գիտե՞ք ինչն է. երբ երկրպագուն, ֆուտբոլիստը ինչ-որ հայտարարություն է անում, դա ինչ-որ տեղ հասկանում ենք, էմոցիա է: Բայց երբ թիմի ղեկավարը անպատասխանատու հայտարարություն է անում, դա արդեն անլրջություն է: Համենայնդեպս, ես որքան գիտեմ, մեր ակումբը պաշտոնապես պատասխանել է իրենց: Ես կարող եմ ասել, որ մենք 100 տոկոսով արժանի ենք այս հաղթանակին: Նույնը մեզ հետ պատահեց «Ալաշկերտի» հետ խաղում, բայց ի տարբերություն «Փյունիկի»՝ մենք կարողացանք հաղթել «Ալաշկերտին», իսկ իրենք չկարողացան «Լոռիին» հաղթել:

– Պարոն Մինասյան, ամբողջ մրցաշրջանի ընթացքում խուսափում էիք պատասխանել չեմպիոնական շանսերի մասին հարցին: Հիմա վերջապես խոսեք այդ մասին: Ինչպե՞ս էիք թիմին պատրաստում այս չեմպիոնությանը: Եվ ինչպե՞ս եք հիմա պատրաստվելու Չեմպիոնների լիգային:

– Ճիշտ է, պետք է հավատալ ու ի սրտե հավատալ: Բայց դուք ինքներդ էլ, եթե հետևում եք առաջնությանը, տեսել եք, որ իսկապես մոտ 5 թիմ ձմեռային դադարից հետո հավակնում էր չեմպիոնությանը: Եվ այդ առումով շատ դժվար էր: Այստեղ առաջին պլան էր բարձրանում հոգեբանական պահը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես ենք պատրաստվելու. մեր թիմում ֆուտբոլիստներ կան, որոնք պետք է հեռանան: Դա մեզնից կախված չէ, որքան էլ ցանկանում ենք պահել նրանց: Հիմա մեր սելեկցիոն բաժինն աշխատանքներ է տանում թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելու համար: Տեսնենք՝ ինչ կստացվի: Համենայնդեպս, ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է դրա համար:

armsport.am