Հանրապետությունում օրերս տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքներում վնասի չափերը պարզվում են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց. որ համայնքային, մարզային հանձնաժողովներ կան, որոնք աշխատանքներ են տանում տեղերում՝ գնահատելու վնասի չափը։ «Այնուհետև վնասի գնահատված չափը փոխանցվում է նախարարությանը, որը հետո ամփոփում է։ Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,-ասաց նա։
Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ անցյալ տարի առաջին անգամ բնական աղետներից տուժած գյուղացիներին գումարային աջակցություն է տրամադրվել։ «Փոխհատուցման չափի հետ կապված պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում որքան շատ կլինեն նման դեպքերը։ Նախորդ տարի փոխհատուցումը տեղի ունեցավ աշնանը։ Մենք կարծում ենք, որ տվյալները ամփոփելուց հետո նոր կկարողանանք փոխհատուցման չափի վերաբերյալ որևէ բան ասել»,-հավելեց նախարարը։
Օրերս տեղացած կարկուտը վնասներ էր հասցրել Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք ցանքատարածությունների։