ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ., դոցենտ Նորա Սարգսյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ վերջինս Ազգային ժողովում երդման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել էր, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։ Նորա Սարգսյանի անդրադարձը ներկայացնում ենք ստորև։
Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը 2019 թ․ հունիսի 20-ին՝ Ազգային ժողովի նիստում իր պաշտոնը ստանձնելու հետ կապված երդման արարողության ժամանակ հայտարարեց, որ․
- Ներկայումս Սահմանադրական դատարանն ունի միայն երկու դատավոր և քանի որ մյուս դատավորը բացակայում է, ապա ինքը ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։
- Վ․ Գրիգորյանը որպես փաստարկ է բերում այն, որ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական դատարանի«անդամ»եզրույթի փոխարեն օգտագործվում է Սահմանադրական դատարանի «դատավոր» եզրույթը, իսկ 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները չեն կարգավորում սահմանադրական դատարանի անդամի՝ դատավորի պաշտոնում հետագա պաշտոնավարման հարցը։
- Հետևաբար, ըստ Վ․ Գրիգորյանի, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված սահմանադրական դատարանի անդամները 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո չէին կարող պաշտոնավարել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, իսկ նրանց մասնակցությամբ այս ժամանակահատվածում կայացված սահմանադրական դատարանի ակտերի վավերականության հարցը պետք է քննարկման առարկա դառնա։
Իրավագիտությունը փաստարկման արվեստ է, իսկ իրավունքի բովանդակությունը բացահայտվում է նրա մեկնաբանման գործընթացում։ Իրավական նորմերի և, հատկապես, Սահմանադրության նորմերի մեկնաբանությունը ենթարկվում է որոշակի գիտական կանոնների, որոնք ձևավորվել են դեռևս Սավինիի ժամանակներից (1802 թ․)։ Մեկնաբանման համար հիմք են հանդիսանում իրավական ակտի տեքստը, իրավական ակտի մշակման պատմությունը, իրավական ակտի համակարգը և իրավական ակտով հետապնդվող նպատակը։ Որպես կանոն տարբերակվում է իրավական ակտերի մեկնաբանման 4 դասական մեթոդ․
- քերականական (հայտնի է նաև որպես՝ տառացի, բառացի, լեզվաբանական),
- պատմական,
- համակարգային,
- թելեոլոգիական։
Վ․ Գրիգորյանի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածի մեկնաբանությունը, մեր կարծիքով, հիմնվում է միայն օրենքի տեքստի առանձին դրույթի տառացի ընկալման վրա (անգամ տառացի մեկնաբանման պարագայում, անհասկանալի է, թե ինչպես է ժխտվում ՍԴ գործող նախագահի պաշտոնավարման շարունակման հանգամանքը, երբ գործող նախագահը ընտրվել է 2018 թ․մարտի 21-ին, այսինքն՝ մինչև 2015 թ․խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, իսկ Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ մատնանշում է, որ Սահամանադրական դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել), որի արդյունքում 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը դիտարկվում է հաջորդ նախադասության, Սահմանադրության համակարգի, իմաստի, պատմական համատեքստից ամբողջովին կտրված։ Ժամանակակից իրավունքի գիտությունը վաղուց արդեն մերժում է «In-claris» դոկտրինը, քանի որ գոյություն չունի իրավական նորմերի «միանշանակություն» և ցանկացած նորմի բովանդակություն՝ մեկնաբանման միջոցով բացահայտման կարիք ունի։ Ընդ որում, միայն օրենքի տեքստի առանձին դրույթի վրա շեշտադրում կատարելը ոչ թե գործնականում բերում է իրավական որոշակիության և կամայականության սահմանափակման, այլ հակառակ արդյունք է ունենում՝ հանգեցնելով ֆորմալիզմի (հատկանշական է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թ․ օրենքը իրավացիորեն հրաժարվել է նախկին՝ «Իրավական ակտերի մասին» օրենքով ամրագրված տառացի մեկնաբանման սկզբունքից (հոդված 86, մաս 1) և ամրագրել է մեկնաբանման ավելի լայն կանոններ, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, կարգավորման համատեքստը, իրավունքի ճյուղի սկզբունքները (հոդված 41))։
Իրավական նորմը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել բոլոր գործոններն ու փաստարկները և ոչ թե սոսկ միայն նորմի տեքստը։ Կարևոր է ընդգծել, որ իրավունքի դրույթի մեկնաբանումը՝ դրա իմաստի բացահայտումը, չի կարող հիմնվել միայն մեկ մեթոդի ընտրանքային կիրառման վրա, որն էլ ավելի է համապատասխանում մեկնաբանման ցանկալի արդյունքին։ Մեկնաբանման բոլոր մեթոդները պետք է օգտագործվեն հավասարապես, այլապես՝ մեկնաբանումը կհանգեցնի սխալ արդյունքի։
Ստորև փորձենք համադրել Վ․ Գրիգորյանի մեկնաբանությունը մեկնաբանման մյուս մեթոդների հետ՝ բացահայտելու համար Սահմանադրության 213-րդ հոդվածի իմաստն ու բովանդակությունը։
Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
- Պատմական մեկնաբանում
Պատմական մեկնաբանումը ենթադրում է, որ իրավունքի նորմի իմաստի ճիշտ բացահայտման համար պետք է հաշվի առնել իրավական ակտի ընդունման պատմությունը, նախորդող խմբագրությունները, պատմական համատեքստը, որոնք նախադրյալ են հանդիսացել այդ նորմի ընդունման համար։
Այս առումով, անվիճելի փաստ է, որ դեռևս 1995 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատության ինստիտուտը՝ հանձին Սահմանադրական դատարանի։ Ընդ որում․
- ՀՀ Սահմանադրության բոլոր խմբագրությունների համաձայն էլ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, իսկ սահմանադրական արդարադատությունը՝ սահմանադրական դատարանը (1995 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 91-րդ հոդված, 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 91-րդ և 93-րդ հոդվածներ, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 162-րդ և 167-րդ հոդվածներ)։
- Այն, որսահմանադրական դատարանի անդամն իրականացնում է «արդարադատություն»հստակ երևում է Սահմանադրության մի շարք հոդվածների վերլուծությունից։ Այսպես, 1995 թ․ և 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն արդարադատություն իրականացնելիս` դատավորը և սահմանադրական դատարանի անդամը անկախ են, իսկ 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
- Վերոհիշյալից պարզ է դառնում, որ 1995 թ․ խմբագրությամբ և 2005 թ․ խմբագրությամբՍահմանադրությունը սահմանադրական դատարանի դատավորի պարագայում օգտագործել է «անդամ» եզրույթը՝ դրա տակ միանշանակ հասկանալով դատավորի կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձին։Հետևաբար, Վ․ Գրիգորյանի այն թեզը, թե 2015 թ․ Սահմանադրության 213-րդ հոդվածը օգտագործելով «անդամներ» եզրույթը, բայց չշեշտադրվելով նրանց հետագա պաշտոնավարումը դատավորի պաշտոնում, մեկ այլ բան է նկատի ունեցել, ճիշտ չէ։
Պատմական մեկնաբանման համար կարևոր նյութ են հանդիսանում իրավական ակտի նախագծի մշակման գործընթացները (travaux préparatoire): Այս առումով, ո՛չ 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության նախագծի հիմնավորումներում, ո՛չ Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ (տե՛ս 2015 թ․ սեպտեմբերի 15-18-ի նիստերի սղագրությունները), և ո՛չ էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից 2015 թ․ փոփոխություններով Սահմանադրության նախագծի վերաբերյալ տրված կարծիքներում որևէ խոսք չի եղել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո սահմանադրական նոր դատարանի կազմավորման մասին։ Ավելին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերաբերյալ 2017 թ․ հունիսի 19-ին տրված կարծիքում (CDL-AD(2017)011), Վենետիկի հանձնաժողովը (հարկ է նկատել, որ կարծիքը պատրաստելու համար փորձագետներ են հանդիսացել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք ներկայացրած մի շարք անձինք (Mr Kaarlo TUORI, Mr Christoph GRABENWARTER, Mr Aivars ENDZINS)։ Տե՛ս CDL-AD(2015)037, FIRST OPINION ON THE DRAFT AMENDMENTS TO THE CONSTITUTION (CHAPTERS 1 TO 7 AND 10); CDL-AD(2015)038, SECOND OPINION ON THE DRAFT AMENDMENTS TO THE CONSTITUTION (IN PARTICULAR TO CHAPTERS 8, 9, 11 to 16)) հատուկ անդրադարձ է կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածին և ընդգծել, որ դրանով նախատեսված են «պաշտոնավարումը շարունակելու նվազագույն երաշխիքներ» այն դատավորների համար, որոնք նշանակվել են մինչև 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (կետ 34)։ Ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Սահմանադրության 213-րդ հոդվածը մեղմելու փորձը և հստակորեն արձանագրել, որ Սահմանադրական դատարանի նախագահը, անկախ այն բանից, թե քանի տարի է պաշտոնավորելու 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, պետք է պաշտոնավարի մինչև 2005 թ. խմբագրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
- Համակարգային մեկնաբանում
Համակարգային մեկնաբանումը կառուցվում է այն թեզի հիման վրա, որ իրավունքի նորմերի համակարգը ներդաշնակ է և զերծ ներքին հակասություններից։ Ներքին ներդաշնակությունը առավել ևս ընդգծվում է Սահմանադրության պարագայում՝ հաշվի առնելով վերջինիս հիմնակազմիչ նշանակությունը նորմատիվ իրավական այլ ակտերի համար։ Համակարգային մեկնաբանումը ենթադրում է, որ իրավունքի նորմերի մեկնաբանման ժամանակ պետք է ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է մյուս նորմերի համատեքստում։
Այս առումով, 213-րդ հոդվածի մեկնաբանմանման համար պետք է հաշվի առնվի հետևյալը․
- Բացի 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունից, ուշադրություն պետք է դարձնել նույն հոդվածի 2-րդ նախադասության վրա, որը նախատեսում է, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերիհամար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
- 213-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի համադրումը հստակ ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղի մասին խոսք լինել չի կարող, եթե այդ մարմինը նախկինում գոյություն չի ունեցել, այսինքն՝ դեռ նոր պետք է ստեղծվի։ A contrario, ակնհայտ է և 2-րդ նախադասությունից հստակ բխում է, որ խոսքը միայն այն թափուր տեղերի մասին է, որոնք առաջ են գալիս Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո։
Ցանկացած իրավակարգավորում մեկնաբանելիս ելակետ պետք է ընդունել այդ իրավակարգավորման ողջամտությունը, այնպես, որ իրավակիրառ մեկնաբանության արդյունքում չպետք է հանգի «աբսուրդ» արդյունքի։ Մինչդեռ, այն մեկնաբանմամբ, ինչպես Վ․ Գրիգորյանն է պնդում, հանգում ենք ad absurdum եզրահանգման․ 213-րդ հոդվածի 1-ին և 2-րդ նախադասությունների միմյանցից անջատ և Սահմանադրության համատեքստից կտրված մեկնաբանումը հանգեցնում է այնպիսի անհեթեթ իրավիճակի, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել(«պաշտոնավարել» բառի իմաստը պաշտոն վարելը՝ կատարելը, որոշակի պաշտոնով ծառայելն է (տե՛ս, օրինակ, Է․ Բ․ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976, էջ 1181)) (քանի որ դա է հստակորեն պահանջում 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը), սակայն ոչ թե որպես դատավորներ, այլ որպես սահմանադրական դատարանի անդամներ և ստանալ աշխատավարձ, բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ։
- Վ․ Գրիգորյանի կողմից առաջարկվող մեկնաբանությունը հանգեցնում է մեկ այլ ad absurdumիրավիճակի․ ստացվում է, որ երկրում Սահմանադրության գերակայության ապահովմանառանցքային մեխանիզմը՝ սահմանադրական արդարադատության համակարգը կաթվածահար է դեռևս 2018 թ․ ապրիլի 9-ից, որից անտեղյակ են եղել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրումներ կատարելու իրավասություն ունեցող բոլոր սուբյեկտները, իսկ սահմանադրական դատարանի կողմից, «ապօրինի կազմով», կայացվել են ակտեր, որոնցից շատերը, որպես նոր հանգամանք, գործերի վերանայման հիմք են։ Սահմանադիրը չէր կարող նման փակուղու մեջ մտցնել սահմանադրական արդարադատությունը, ընդհատել այն՝ առանց անցումային լուծումներ նախատեսելու։ Հարց է առաջանում, ի՞նչ էր լինելու դատարանի վարույթում արդեն իսկ քննվող գործերով, ի՞նչ ժամկետներում էր ձևավորվելու նոր Սահմանադրական դատարանը։ Ընդ որում, բոլոր այն դեպքերի համար, երբ խոսքը վերաբերում է նոր մարմինների ձևավորմանը 2015 թ․ Սահմանադրության անցումային դրույթները հետևողականորեն նախատեսում են հստակ ժամկետներ (օրինակ, հոդված 214, հոդված 215, մաս 2)։
- Համակարգային մեկնաբանման տեսանկյունից, հարցը պետք է դիտարկել նաև Սահմանադրության 215-րդ հոդվածի 1-ին մասի հետ համադրելով։Նշված նորմը նույնպիսի շարադրանք ունի և անցումային ռեժիմ է նախատեսում նաև մյուս դատարանների դատավորների համար։ 215-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրի նշված մոտեցումը պայմանավորված է դատավորի անփոփոխելիության սկզբունքի երաշխավորմամբ և լիովին համահունչ է միջազգային չափորոշիչներին։ Այլապես, ցանկացած պահի սահմանադրական փոփոխության միջոցով հնարավոր կլիներ հեշտորեն ազատվել գործող դատավորից և նշանակել նորերին, ինչը, ընդհանրապես, դատավորների անկախության համար մեծ ռիսկեր է պարունակում։
- Այն, որ ՀՀ իրավական համակարգում Սահմանադրական դատարանի անդամ և դատավոր հասկացությունները օգտագործվում են որպես հոմանիշներ, պարզ է դառնում նաև այլ օրենքների ուսումնասիրությունից։ Այսպես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը զարգացնում է սահմանադրական նորմի պահանջը՝ հստակեցնելով, որ «Մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»: «12 տարվա ժամկետը լրանալուց հետո» բառակապակցությունը նշանակում է, որ խոսքը «դատավորի» 12 տարվա ժամկետի մասին է, քանի որ 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունում 12 տարվա ժամկետ չկար: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Սույն օրենսգրքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված դրույթները տարածվում են նաև Սահմանադրական դատարանի անդամի վրա»: Այսինքն, այս օրենքով ևս հավասարության նշան է դրվել դատավորի և սահմանադրական դատարանի անդամի միջև։
- Թելեոլոգիական մեկնաբանում
Մեկնաբանման այս մեթոդի էությունը իրավական ակտի իմաստի բացահայտումն է դրանով հետապնդվող նպատակների բացահայտման միջոցով։ Այն ունի երկու տարատեսակ․ սուբյեկտիվ-թելեոլոգիական, որի պարագայում պետք է բացահայտվի իրավաստեղծի պատմական կամքն ու նպատակը, և օբյեկտիվ-թելեոլոգիական, որը բացահայտում է իրավական ակտի հետապնդվող նպատակը ակտի կիրառման պահի դրությամբ։ Մեկնաբանման այս մեթոդի միջոցով հնարավոր է լինում իրավական ակտի կիրառումը համապատասխանեցնել զարգացող իրավահարաբերությունների բնույթին, քանի որ ակտի ընդունման պահին իրավաստեղծի հետապնդած նպատակները ու կիրառման պահին ակտով հետապնդվող նպատակները կարող են տարբերվել միմյանցից՝ իրավական կարգավորման դաշտից դուրս թողնելով հարաբերութունների որոշակի ասպեկտներ։ Մեկնաբանման վերջին մեթոդի պարագայում, պետք է բավական զգուշավոր լինել, որ մեկնաբանումը չհանգեցնի իրավաստեղծի կամքի աղճատմանը և հարգվեն իշխանությունների բաժանման ու օրինականության սկզբունքները։
Թելեոլոգիական մեկնաբանման լույսի ներքո գնահատելով իրավիճակը, դժվար չէ նկատել, որ 213-րդ հոդվածի նախատեսմամբ սահմանադիրը չի կարող նպատակ ունեցած լիներ ստեղծելու երկու սահմանադրական դատարան, մեկը՝ բաղկացած լիներ դատավորներից, մյուսը՝ միայն անդամներից։Ինչպես արդեն նշվեց վերոգրյալ՝ համակարգային մեկնաբանման ժամանակ, 213-րդ հոդվածից հստակ երևում է սահմանադրի նպատակը՝ ապահովել նախկինում նշանակված բոլոր դատավորների անխափան պաշտոնավարումը իրենց պաշտոններում սահմանադրական փոփոխություններից հետո։ Սահմանադրի նման մոտեցումը լիովին համահունչ է դատավորի անփոփոխելիության և իր պաշտոնում պաշտոնավարելու բավարար երաշխիքներ ունենալու սկզբունքին, որը դատավորի անհատական անկախության առանցքային տարրն է բոլոր միջազգային չափորոշիչներով (տե՛ս, մասնավորապես, Recommendation CM/Rec(2010)12 of the Committee of Ministers to member states on judges: independence, efficiency and responsibilities, կետ 49, CDL-PI(2017)008, Compilation of Venice commission opinions, reports and studies on constitutional justice , էջ 34, 39-40, The UN Basic principles on the Independence of the Judiciary, կետ 11-12, The European charter on the statute for judges, կետ 3, Magna Carta of Judges (Fundamental Principles), կետ 4)։
Եզրահանգում
- Սահմանադրության 213-րդ հոդվածի Վ․ Գրիգորյանի կողմից առաջարկվող մեկնաբանությունը հիմնված է Սահմանադրության դրույթների մեկնաբանության միայն մեկ մեթոդի՝ տառացի մեկնաբանման, ընտրանքային կիրառման վրա։ 213-րդ հոդվածի մեկնաբանությունը իրավական մյուս նորմերի համակարգից (հատկապես՝ 213-րդ հոդվածի 2-րդ նախադասություն, 215-րդ հոդվածի 1-ին մաս), սահմանադրի հետապնդած նպատակից, նորմի պատմական համատեքստից ամբողջովին կտրված, հանգեցնում է սխալ եզրահանգումների։
- ՀՀ իրավական համակարգում Սահմանադրական դատարանի անդամ և դատավոր հասկացությունները օգտագործվում են որպես հոմանիշներ, ինչը ակնհայտ է դառնում 1995 թ․ Սահմանադրության և դրա հետագա խմբագրությունների, ինչպես նաև այլ օրենքների ուսումնասիրությունից։
- Վ․ Գրիգորյանի առաջարկած մեկնաբանությունը խախտում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը դատավորի անկախության հիմնարար երաշխիք է բոլոր ժամանակների համար։