Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում:
Վարչապետը ողջունել է բոլորին և հույս հայտնել, որ դեռ շատ կտեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև վարչապետը լսել է աշակերտների տպավորությունները Հայաստանից և պատասխանել տարբեր հարցերի:
Մասնավորապես, անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն մի քանի կարևոր քայլեր կառավարությունն իրականացրել է:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսության մեջ որպես առաջնահերթություն առանձնացրել է երեք հիմնական ճյուղ:
«Առաջինը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Հույս ունենք, որ Հայաստանն արագ կվերածվի ստարտափերի երկրի և տեխնոլոգիական ոլորտը կզարգանա: Վերջերս տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ և հիմա մեր երկրում կա նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Հույս ունենք, որ այն կխթանի տեխնոլոգիական ոլորտը:
Հաջորդ ուղղությունը՝ տուրիզմն է, որը հույս ունենք մեծ տեմպերով կզարգանա: Վերջին տարիներին տուրիզմը լավ է զարգանում, որովհետև բավականին շատ նոր մտածողությամբ գործարարներ են այդ ոլորտում ներդրումներ արել և հաջողություններ ունեն:
Երրորդ ուղղությունը՝ գյուղատնտեսությունն է. մտադիր ենք ամեն ինչ անել, որ այն համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Եթե փիլիսոփայորեն պատասխանեմ հարցին, ապա կասեմ հետևյալը. մեր նպատակն է՝ ստեղծել հնարավորություններ, բայց դրանց շրջանակում կարևոր է նաև, որպեսզի կրթությունը լինի հասանելի: Ցավոք, Հայաստանում երկար ժամանակ կրթությանը մի փոքր այլ կերպ են վերաբերվել: Կրթության նշանակությունը թերագնահատվել է, և մենք հիմա ցանկանում ենք մեր երիտասարդների շրջանում կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխել, որպեսզի մարդը հասկանա, որ կրթությունն իր տաղանդը զարգացնելու հնարավորությունն է, կյանքում հաջողություններ ունենալու հնարավորությունն է, հետագա կյանքում չամաչելու հնարավորությունն է, ուրիշների համար հնարավորություններ ստեղծելու հնարավորությունն է: Դրա համար էլ մտածում ենք, որ այս առումով Հայաստանը պետք է դրախտ լինի տաղանդավոր մարդկանց համար, որպեսզի տաղանդավոր մարդը վստահ լինի, որ այս երկրում իր համար բոլոր հնարավորությունները կան, որպեսզի ինքն իրացվի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը մարդկանց պետք է կրթության, իրավունքների պաշտպանվածության, տնտեսական հնարավորությունների առումով այնքան ուժեղացնի, որ մարդն իր անհրաժեշտ հացը, ջուրը, հագուստն ապահովի ոչ միայն իր, այլև ուրիշների համար: