«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:
#AraratChallenge–ին է արդեն միացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։ Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:
Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: