Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Նինոծմինդայի (Սամցխե Ջավախք) մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին ու նրա հաշվապահ Անժելիկա Պուտուլյանին։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծառայողական պարտականությունները չարաշահելու և մինչև 9 հազար լարի (3,5 հազար դոլար) բյուջետային գումար յուրացնելու համար։
Գինոսյանը մեղադրանքները հերքում է և պնդում, որ «շիլան եփել է» պատգամավոր Հենզել Մկոյանը։ Գինոսյանը համոզված է, որ Մկոյանը փորձում է մտացածին սկանդալով վրեժ լուծել իրենից նրա համար, որ բազմիցս մերժել է պատգամավորի` սեռական մերձեցման առաջարկները։
Գինոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2018թ–ին մանկապարտեզում ամենամյա աուդիտի ժամանակ։
«Դեռ աուդիտի արդյունքներից առաջ տեղի քաղաքապետարանում ինձ մեղադրեցին կանոնադրությամբ չաշխատելու մեջ։ Պաշտոնապես ես Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենն եմ, սակայն իմ հսկողության տակ են նաև հարակից գյուղերի նախադպրոցական հաստատությունները, որոնց բյուջեն ես եմ տնօրինում», – բացատրեց Գինոսյանը։
Ըստ փաստաթղթերի` գյուղական մանկապարտեզներ չկան, դրանք ոչ մի կերպ գրանցված չեն։ Գինոսյանը պնդում է, որ բազմիցս բարձրացրել է այդ հարցը և նշել, որ անհրաժեշտ է փոխել կանոնադրությունը և ամեն ինչ գրանցել։
Ավելի ուշ նրան մեղադրել են բյուջետային միջոցները հափշտակելու մեջ։ Ինչպես նա պնդում է, դա հնարովի գործ է։ Մանկապարտեզում, որտեղ աշխատում է Գինոսյանը, պայման կա. եթե աշխատակիցներից ինչ–որ մեկն աշխատանքի չի գալիս և նրան փոխարինում է մեկ այլ աշխատող, ապա աշխատավարձը փոխանցվում է փոխարինողին։
Գինոսյանը և հաշվապահ Անժելիկա Պուտուլյանը մի քանի ամիս փոխարինել են փոխտնօրենին։ Հետևաբար աշխատավարձը կիսել են իրար մեջ։
Գինոսյան իր գործողություններում անօրինական ոչ մի բան չի տեսնում և մտադիր է պայքարել իր անմեղությունն ապացուցելու համար։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am