Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները. armeniasputnik.am

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեպքում տարբեր երկրներից ԼԳԲՏ անձինք Հայաստանից ապաստան և փախստականի կարգավիճակ կհայցեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Բացի այդ, կոնվենցիան վավերացնելու դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու և երեխա որդեգրելու՝ ներկայիս իրավական խոչընդոտները կվերանան կամ կթուլանան, ինչն էլ կազդի ժողովրդագրության վրա։ Կոնվենցիան վավերացնելուց հետո հնարավոր է նաև, որ իրենց կին համարող տղամարդիկ խուսափեն պարտադիր զինծառայությունից, ինչն էլ, բնականաբար, բանակի մարտունակության վրա բացասաբար կազդի»,–ասաց նա։

Նրա կարծիքով` կոնվենցիան նաև հակասահմանադրական է, և իրենց հույսը կառավարությունը կամ Սահմանադրական դատարանն է, որոնք կարող են չվավերացնել այն։ Ինչ վերաբերում է ԱԺ–ին, ապա Զոհրաբյանի կանխատեսումներն այս կառույցի հանդեպ հոռետեսական են։

«Լսելով, թե ԱԺ պատգամավորներից որոշները մարիխուանայի օրինականացման մասին ինչ կարծիք ունեն` ես ԱԺ–ի հետ հույս չեմ կապում։ Կարծում եմ նաև, որ թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, թե՛ օրերս սոցցանցերում պտտվող բռնության պատմություններն ուղղակի միտված են կոնվենցիայի վավերացմանը»,–ասաց նա։

Զոհրաբյանը նշեց նաև, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պարագայում կստացվի, որ այն հակասահմանադրական չէ, և ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից  ընտանիք կազմելու, երեխա որդեգրելու պահանջը կարող է լուծվել հօգուտ նրանց, քանի որ եթե ՀՀ օրենքի մի նորմ հակասում է միջազգային նորմին, ապա գործում է միջազգային նորմը։

Նա հիշեցրեց նաև, որ ԵՄ 28 պետությունից 14–ում թույլատրվում է միասեռ ամուսնությունն ու երեխայի որդեգրումը։

Զոհրաբյանը նշեց, որ իրենք ստորագրահավաք են սկսել Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու համար ու կոչ են անում ՀՀ վարչապետին, Ազգային ժողովին ու կառավարությանը՝ չվավերացնել այն։ Փաստաբանն ասաց, որ արդեն գործում է nostambul.am կայքը, որտեղ բոլոր նրանք, ովքեր դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, կարող են ստորագրել։ Զոհրաբյանը հայտնեց նաև, որ իրենք միայն ստորագրահավաքով չեն սահմանափակվելու, այլ անելու են օրենքով նախատեսված բոլոր քայլերը` քննարկումներ, խաղաղ հավաքներ և այլն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

armeniasputnik.am



Նման նյութեր