Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Իվան Վոլինկինը կարող է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեղակալ նշանակվել։
Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով իր աղբյուրներին։ Ուղղությունը, որը կարող է համակարգել Վոլինկինը, համարվում է արտաքին քաղաքականության տեսակետից ամենակարևորներից մեկը Ռուսաստանում։
Պարբերականը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ում փաստացի կողմնորոշվել են` ով է ստանձնելու փոխնախարարի պաշտոնը: Թեկնածուները 3-ն են, սակայն հիմնականը ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինն է։ 2013 – 2018 թվականներին նա Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։
60-ամյա դիվանագետը 1981 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն ու այն ժամանակվանից ԱԳՆ համակարգում է։
Աշխատել է ԽՍՀՄ ու ՌԴ արտասահմանյան ներկայացուցչություններում՝ Հարավսլավիայում ու ԱՄՆ–ում, Սերբիայում ու Չեռնոգորիայում, Վրաստանում ու Մակեդոնիայում։ Հայաստանում ՌԴ դեսպան դառնալուց առաջ Լավրովի օգնականն էր։
Կարասինի պատասխանատվության տակ գտնվող ուղղությունը, որը կարող է ղեկավարել Վոլինկինը, համարվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ամենակարևորներից ու միաժամանակ՝ ամենախնդրահարույցներից մեկը։
Այդ ուղղությունը զբաղվում է Ուկրաինայի շուրջ առկա կոնֆլիկտով, Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հակամարտություններով։