Ուշ գիշերով Կապան մեկնած համալսարանական մասնագետները փրկել են ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը
Advertisement 1000 x 90

Ուշ գիշերով Կապան մեկնած համալսարանական մասնագետները փրկել են ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչի շրջանակում Կապան քաղաքից Նորածնային վերակենդանացման կլինիկա է տեղափոխվել բնածին թոքաբորբով, ծանր շնչառական խանգարումով նորածին: Կանչը գրանցվել հունիսի 30-ին, ժամը 21:00-ի սահմանում: Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան: Ժամը 03:30-ի սահմանում բուժանձնակազմը գտնվել է Կապանի հիվանդանոցում՝ ծանր վիճակում գտնվող նորածնին վերցնելով հսկողության տակ: Վիճակը գնահատելուց հետո՝ որոշում է կայացվել օժանդակող սարքի պայմաններում գտնվող նորածնին Կապանից տեղափոխել Երևան:

Համալսարանական բժշկի արհեստավարժ աշխատանքի արդյունքում հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը, և առավոտյան՝ ժամը 09:00-ին առանց արհեստական շնչառության պայման ստեղծելու՝ սովորական բեղիկով, նորածնին տեղափոխել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ վերջինս գտնվում է համալսարանական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայի կյանքին սպառնացող առողջական խնդիրները լուծելու համար:

Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի խոսքով՝ այսօր նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է:



Նման նյութեր