Կազանում ձերբակալել են քրեական աշխարհի հերթական հեղինակությանը՝ Ռաշիդ Խաչատրյանին, ով ավելի հայտնի է Ռաշիդ Ջամբուլսկի մականունով։ Նախկինում նա եղել է Օրենբուրգի «զոն նայողը»: Նրան կասկածում են գումար շորթելու մեջ։
Ինչպես հայտնում է Բիզնես օնլայն կայքը, ձերբակալման մանրամասները գաղտնի են պահվում։ Լրատվամիջոցի սեփական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Խաչատրյանը, 2018 թվականին ազատ արձակվելով Կրասնոյարսկի գաղութից, ժամանել է Թաթարստան և գումար պահանջել գործարարներից մեկից։
Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 13-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Առաջին անգամ դատապարտվել է 1986 թվականին։ Սկզբում նրան «կնքել» են «Ռյուկզակ» մականունով. հետագայում ստացել է «Ռաշիդ Ջամբուլսկի» մականունը։ 1996 թվականին Օրենբուրգում կամայականությունների և շորթման համար դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ 1997 թվականին ազատվել է և «օրենքով գող» թագադրվել։ Որոշ տվյալների համաձայն` Օրենբուրգի շրջանի «զոն նայողն» էր։ Այնուհետև իրեն վստահված շրջանակներում ստեղծել է «Ռաշիդովսկիների» բանդան, որում ի սկզբանե բացառապես հայեր են եղել։ Խմբավորումը զբաղվում էր գումար կորզելով, խարդախությամբ, սպանություններով, առևանգումներով, բնակարանային գողություններով ու թմրանյութերի տարածմամբ։
1999 թվականին նրա դեմ մահափորձ է կատարվել․ նրա Kia Sportage-ը հայտնվել է անհայտ անձանց նշանառության տակ։ «Օրենքով գողը» աջ թիակի հատվածում թեթև վնասվածք էր ստացել, սակայն հրաժարվել հոսպիտալացումից։
Այժմ քրեական հեղինակությունը գտնվում է Կազանի մեկուսարանում։ Վաղը նա կդառնա 53 տարեկան։