«Նա, ով չի կրակել»
Advertisement 1000 x 90

«Նա, ով չի կրակել»

1962 թ. հունիսին այս մարդը հրաժարվել է կրակ բաց անել Նովոչերկասկում խաղաղ ցուցարարների ուղղությամբ:

Կուրսկի ճակատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Մատվեյ Շապոշնիկով:

Հրամանը չկատարելու համար հեռացվել է զինվորական ծառայությունից և ԽՄԿԿ-ից:

Նրա անունը անմահացել է ոչ միայն այն բանի համար, որ 2-րդ Աշխարհամարտի ժամանակ կարողացել է կոտրել Գուդերիանի բանակի ողնաշարը, ոչ էլ նրա համար, որ իր ենթակայության տակ բրիգադն առաջինն էր հատել Դնեպրը, այլ նաև, որ հրաժարվել է 1962 թ. ԽՍՀՄ Նովոչերկասկ քաղաքում խաղաղ բողոքի դուրս եկած խորհրդային քաղաքացիների ուղղությամբ տանկային պատժիչ գրոհից:

«Չեմ տեսնում հակառակորդ, որի ուղղությամբ կարելի է տանկեր քշել», – մի քանի անգամ հրամանը կրկնող օկրուգի հրամանատար Պլիևին ռադիոկապով ասել է Շապոշնիկովը, անջատելով կապի միջոցը:

Նախապատմությունը. Նովոչերկասկի էլեկտրաընթացքային գործարանի աշխատակիցները բողոքի են դուրս եկել, երբ իմացել են, որ իրենց աշխատավարձը պետք է 30 տոկոսով կրճատեն, իսկ սննդամթերքի գները պետք է 30 տոկոսով բարձրանան: Բողոքող մարդիկ իրենց հետ ունեցել են ցուցանակներ՝ Լենինի նկարներով, կոմունիստական կարգախոսներով: Միակ «վատ» նկարը եղել է Խրուշովինը, որտեղ մեծն առաջնորդը սևեռված հայացքով նայելիս է եղել երշիկին…

Երբ քաղխորհրդի շենքը պահպանող ավտոմատավորները կրակ են բաց արել մարդկանց ուղղությամբ, Շապոշնիկովը փորձել է կանխել սպանդը, բայց հրաման արձակողը եղել է անձամբ օկրուգի հրամանատարը: Գնդակահարությունը տևել է այնքան, մինչև հրապարակը չի լցվել տղամարդկանց, կանանց և երեխաների դիակներով:

Կրտսեր սպաներից մեկը, գիտակցելով տեղի ունեցածի հրեշավորությունը, ինքնասպան է եղել հրապարակում:

Շապոշնիկովին հեռացրել են բոլոր զբաղեցրած պաշտոններից, բայց դեպքերից հետո նամակներ է գրել, պատմելով տեղի ունեցածի մասին երկրի ներսում և երկրից դուրս:

Ահավասիկ, մի քանի տող նրա նամակներից. «Այժմ չափազանց կարևոր է, որ աշխատավորները և մտավորականությունը հասկանան, թե ինչ քաղաքական ռեժիմի պայմաններում են ապրում: Նրանք պետք է հասկանան, որ ավտորիտարիզմի վատթարագույն պայմաններում են ապրում, որը հենված է բյուրոկրատական և բանակային ուժի վրա»:

Շապոշնիկովին հռչակեցին Հայրենիքի դավաճան:

…Ողջ կյանքի ընթացքում գեներալը զղջացել է, որ իր տրամադրության տակ եղած զենքը չի ուղղել ժողովրդի վրա կրակ բաց արած հանցագործների դեմ:

Այդուհանդերձ, այն ժամանակ նա միակ ռուս սպան էր, որը հրաժարվել է կրակել սեփական ժողովրդի վրա:

Գեներալ-լեյտենանտ Շապոշնիկովը հասցրել է տեսնել նաև ԽՍՀՄ փլուզումը, արդարացվել է և իր կյանքի վերջին տարիներին վայելել է գործընկեր սպաների, Նովոչերկասկի բնակիչների ուշադրությունն ու հարգանքը:

Ժողովրդի հիշողության մեջ նա մնաց որպես հերոս, որը հրաժարվեց կատարել հանցավոր հրամանը: Նա չի կրակել իր ժողովրդի վրա:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը