Անտարբերությունից մինչև գրչակիցների նախանձ. Վարդգես Պետրոսյանի ժառանգության ճակատագիրը. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անտարբերությունից մինչև գրչակիցների նախանձ. Վարդգես Պետրոսյանի ժառանգության ճակատագիրը. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում Վարդգես Պետրոսյանի այրին խոսում է գրողի թողած ժառանգության, նրա նկատմամբ ժամանակակիցների վերաբերմունքի և իր` հայրենիք գալու մասին։

Օգոստոսի 9-ին լրացավ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը։

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում Վարդգես Պետրոսյանի այրին՝ Սոնա Տիգրանյանը, շնորհակալություն  է հայտնում ներկայիս իշխանություններին և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` 2 տասնամյակից ավելի բացակայությունից հետո Հայաստան վերադառնալուն նպաստելու համար։  Տիգրանյանը խոսում է նաև ամուսնու ժառանգության կարևորության մասին, մասնավորապես անդրադառնում «Կրակե շապիկ» վեպի արդիականությունը, նաև այն հսկա ավանդին, որն ունեցել է Պետրոսյանը թե՛ «Գարուն» ամսագրում, թե՛ Գրողների միությունում, թե՛ առհասարակ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականությունում։

Տիգրանյանի խոսքերով` Պետրոսյանի գրական ժառանգությունն առայսօր ըստ արժանվույն չի մեկնաբանվել, քննարկվել և վերլուծվել բազում պատճառներով՝ անտարբերությունից մինչև գրչակիցների նախանձ։ Սակայն նա շարունակում է հուսալ, որ քսանից ավելի տարիների դադարից հետո գրողի ստեղծագործության հանդեպ վերաբերմունքը կփոխվի ու ժամանակակիցը ընթերցողը լիարժեք հնարավորություն կստանա ծանոթանալ ավելի ամբողջական Վարդգես Պետրոսյանի հետ` ստանալով սեփական պատկերացումները նրա մասին։

«Ցավով եմ ասում, որ արդեն երկար տարիներ է միակ մարդը, որը գրում է հոդվածներ, գրախոսականներ Վարդգես Պետրոսյանի մասին՝ ես եմ։

Ու չնայած այդ ամենին, Վարդգես Պետրոսյանի թևավոր խոսքերը շարունակում են հուզել նոր սերունդներին»,–ասում է նա։

Նշենք, որ Սոնա Տիգրանյանը Հայաստանում է կարճ ժամանակով, սակայն հուսով է՝ ապագայում հնարավոր է այցելությունները հայրենիք ավելի հաճախ կդառնան։

armeniasputnik.am



Նման նյութեր