yerkirmedia.am-ը գրում է. Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քննարկելու մայրաքաղաքի աղբահանության եւ «Սանիտեքի» հետ կապված վիճակը։ Դա առիթ տվեց հիշելու, որ դեռ մեկ տարի առաջ Ազգային ժողովի ներկայիս փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այցելել էին Բեյրութ, հանդիպումներ ունեցել տեղի հասարակական-քաղաքական շրջանակների հետ:
Այն ժամանակ լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում, որ այցը կազմակերպվել է հենց «Սանիթեք» ընկերության տնօրինության հովանավորությամբ:
«Երկիրն այսօր»-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հերքեց այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց այցը Լիբանան կազմակերպել են տեղի դաշնակցականները:
Սակայն կրկին «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում Դաշնակցության Լիբանանի կառույցից կտրականապես հերքեցին, որ պատգամավորների այցը Լիբանան իրենք են կազմակերպել։ Պարզապես Լիբանանում գտնված ժամանակ, ի թիվս լիբանանահայ այլ կազմակերպությունների, դաշնակցականները արարողակարգային կարճ հանդիպում են ունեցել պատգամավորների հետ։