Ազգային ժողովի աշխատակազմում կատարվող կառուցվածքային փոփոխությունները խորհրդարանում ծայրաստիճան լարված մթնոլորտ են ստեղծել։ ԱԺ ղեկավարությունն այդ փոփոխությունների քողի ներքո մտադիր է ազատվել խորհրդարանի աշխատակիցներից։ Վերջիններս հասկացել են, թե ինչ դավադրություն է հեղափոխական իշխանությունն իրենց դեմ հյուսել, հիմա հակընդդեմ քայլի են պատրաստվում։ «Հրապարակի» տեղեկություններով, դիմել են փաստաբանական ընկերությունների ու պատրաստ են դատական կարգով բողոքարկել պաշտոնից անօրինաբար ազատելու ԱԺ ղեկավարության որոշումը։
Ավելին․ չի բացառվում, որ մոտ օրերս բողոքի ցույցեր կազմակերպվեն ընդդեմ ղեկավարության։ Խնդիրն այն է, որ մոտ տասն օր առաջ ԱԺ ստորաբաժանումների, վարչությունների տասնյակ աշխատակիցներ ուղարկվել են կադրերի ռեզերվ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նրանց տեղեկացրել է՝ նոր, երկամսյա ժամկետով պայմանագրեր պետք է կնքեն, իսկ այդ ընթացքում ատեստացիա կիրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե ովքեր են վերանշանակվելու, ովքեր՝ դուրս մնալու նոր կազմավորված բաժիններից։
Բանն այն է, որ ԱԺ մի շարք բաժիններ միավորվել են, վերանվանվել, միայն երեքում է, որ փոփոխություն չի իրականացվել։ Դրանք են՝ արարողակարգային, միջազգային բաժիններն ու քարտուղարությունը։
ԱԺ ղեկավարությունը միամտորեն կարծել է, որ իր գծած դավադիր պլանով կկարողանա մոլորեցնել եւ ոչ միայն ազատվել անցանկալի կադրերից, այլեւ «քցել» նրանց։ Պլանը հետեւյալն է՝ կկնքվեն պայմանագրեր, պետական ծառայողները կզրկվեն օրենքով պաշտպանված լինելու իրենց իրավունքներից եւ հեշտությամբ կազատվեն աշխատանքից։ Մեզ ասացին, որ կառուցվածքային փոփոխությունների ժամանակ աշխատակիցները կրճատվում են, եթե ստորաբաժանումները լուծարվել են կամ վերակազմակերպվել, բայց չեն կարող կրճատել, եթե պարզապես անվանափոխվել է ստորաբաժանումը։ Մինչդեռ այս հանգամանքն էլ հաշվի չի առնվել․ ի դեպ, կրճատվել է միայն տեղեկատվական բաժինը, այն էլ՝ դրա գործառույթները բաշխվել են այլ բաժինների։ ԱԺ աշխատակիցներն արագ հասկացել են, թե իրենց դեմ ինչ թակարդ է լարվել, ու հիմնավոր պատրաստվում են հակահարվածի։
«Օրենքը չի արգելում, որ նման դեպքերում արտամրցութային կարգով նշանակվենք պաշտոնների, մենք արդեն մրցույթով անցել ենք ու աշխատում ենք, եթե ուզում են, որ մենք աշխատանքը շարունակենք, ինչի՞ են ասում՝ եկեք պայմանագրով աշխատեք, հենա թող արտամրցույթով նշանակեն: Մենք հասկանում ենք, որ ուզում են քայլ առ քայլ ազատվեն մեզանից ու բերել իրենց կադրերին»,- ասաց մեր զրուցակիցը։ Բողոքարկման հիմքում նշվելու է նաեւ փաստը, որ իրենք պատշաճ կարգով երկու ամիս առաջ չեն ծանուցվել, որ պետք է դիմում գրեն, ռեզերվում հայտնվեն։ Բացի այդ, մի շարք պետական դասի աշխատողների էլ իրենց դասային աստիճանից ցածր այլ հաստիք է առաջարկվում։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը չհրապարակված են մնում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձեւավորված հաստիքացուցակը, նոր կառուցվածքը, ինչը վկայում է խախտված իրավունքների մասին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: