Ստիպում են, որ կառավարության շենքի մոտ կանգնենք, որ մեր ղեկավարությանը չնստացնեն. Ահազանգում են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ստիպում են, որ կառավարության շենքի մոտ կանգնենք, որ մեր ղեկավարությանը չնստացնեն. Ահազանգում են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները. pastinfo.am

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակցուհիներից մեկը քիչ առաջ «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ընկերության տնօրինությունը պատրաստվում է աշխատակիցներին հարկադրաբար տանել կառավարության շենքի մոտ, որպեսզի վերջիններս բողոքի ակցիա իրականացնեն՝ սատարելով «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ձերբակալված հիմնադրին։

«Ասել են, որ բոլորս գնանք կառավարություն։ Ասացին՝ մենք ձեզ միանգամից կասենք ու Ձեզ աշխատանքից կտանենք այնտեղ։ Որ գնանք բոլորս կառավարության շենքի մոտ կանգնենք, որ մեր ղեկավարությանը չնստացնեն, բոլորս պետք է սատար կանգնենք», – «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակցուհու խոսքով տնօրինությունն այսպիսի հայտարարություններով է հանդես եկել։

Մեր այն դիտարկմանը, որ եթե չեն ցանկանում, ապա ինչու են գնում, աշխատակցուհին ասաց, որ հակառակ դեպքում իրենց վատ վիճակի մեջ կդնեն. «Հակառակ դեպքում միանգամից բացատրագիր են գրել տալիս, խիստ նկատողություն են տալիս, աշխատավարձի պահում, միանգամից հեռացում»։

Պարզելու արդյոք երբ է նախատեսվում ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան՝ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրինության հետ, սակայն գրասենյակից ասացին, թե տեղյակ չեն բողոքի ակցիայից։

«Բողոքի ակցիայի հետ կապված ինֆորմացիա մենք չունենք, չենք կարող հաստատել։ Այլ հարցերի պատասխանելու իրավասություն չունեմ»,- ասաց ընկերության աշխատակիցներից Տիգրան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը, գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը, «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ «Փաստինֆո»-ին ՔԿ լրատվական բաժնից այսօր հայտնեցին, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում երեքին էլ մեղադրանքներ են առաջադրվել, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Քրեական գործը քննվում է Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում։

pastinfo.am



Նման նյութեր