Հայաստանում մեկ տարված ընթացքում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11.7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1 տոկոսով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում:
Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ 2018 թվականի հեղափոխությունը: Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից: Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունը ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար և այսպես շարունակ: Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռքբերելու տարբերակը և ըստ էության գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եվ այն, որ մեր երկրում հիպոտեկային վարկերը աննախադեպ աճ են ունեցել, սրա ամենացցուն վկայությունն է»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ 2019թ. հունիսին 2018թ. հունիսի նկատմամբ հիպոտեկային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019թ. առաջին կիսամյակում 2018թ. առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով: