SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով՝ Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ նույն օրը, ժամը 22:40-ի սահմաններում Հարժիս բնակավայրի 9-րդ փողոցի վերջնամասից խաբեությամբ՝ զրուցելու պատրվակով Սոնա Գ.-ին նստեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայում բռնություն գործադրելու՝ ձեռքերը բռնելու և բերանը փակելու եղանակով առևանգել են Սոնա Գ.-ին, որից հետո Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում վթարի են ենթարկվել և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Աղամալյանը տեղում մահացել է, իսկ Սոնա Գ.-ն և Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հաստկանիշներով, իսկ առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ն կետի հատկանիշներով: 2 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 PP 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Երևան – Մեղրի ավտոճանապարհի 224 կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները:
Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: