«Հետքի» լրագրող Անի Սարգսյանը գործնական այցով այսօր PS 614 չվերթով պետք է մեկներ Երևանից Կիև։ Թռիչքից առաջ, երբ մոտեցել է բեռը հանձնելու, նրան տեղեկացրել են, որ ինքնաթիռում այլևս տեղ չկա, և ինքը չի կարող մեկնել։ Նմանատիպ իրավիճակում են հայտնվել ևս 6 ուղևորներ։ Օդանավակայանում ուղևորներին բացատրել են, որ մի տեղը վաճառված է եղել մի քանի հոգու վրա, ինչի հետևանքով էլ նման խնդիր է առաջացել։
Երբ Անի Սարգսյանը պարզաբանում ստանալու համար մտել է «Զվարթնոցում» գտնվող «Ուկրաինական ավիաուղիների» գրասենյակ, այնտեղ գտնվող աշխատակիցը, ով նաև PS 614 չվերթի իրականացման պատասխանատուն է, քաշքշել է լրագրողին՝ փորձելով վերցնել հեռախոսը, որով նկարահանվում էր իրավիճակը։
Ավիաուղիների աշխատակիցը, ով այդպես էլ չի ներկայացել, ուղղորդել է «Հետքի» լրագրողին իրենց «գլխավոր օֆիս»։
«Հետքը» կապվեց «Ուկրաինական ավիաուղիների» գլխավոր գրասենյակ, որի աշխատակից Լիլիթ Դավթյանը պնդեց, որ PS 614 Երևան-Կիև ինքնաթիռում մեկ ազատ տեղ է եղել։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ինքնաթիռ չեն նստեցրել թվով 5-10 ուղևորներից որևէ մեկին, Դավթյանը պատասխանեց, որ չվերթի պատասխանատուն «Զվարթնոցի» գրասենյակի աշխատակիցն է, իրենք կապ չունեն։
«Զվարթնոցի» աշխատակիցներից Կառլեն Մարտիրոսյանը, ով սպասարկել է PS 614 չվերթը, հաստատեց, որ «Ուկրաինական ավիաուղիների» այդ չվերթը գերբեռնված է (overbooked) եղել, ինքնաթիռում ազատ տեղ չի եղել՝ ուղևորներին նստեցնելու․ «Չվերթի հենց սկզբից իրենք [Ուկրաինական ավիաուղիները,-խմբ․] գերծանրաբեռնվածություն են ունեցել, 6 ուղևոր պետք է չթռներ։ Մանրամասների համար պետք է կապվել ավիաուղիների օֆիս, որովհետև մենք հրահանգավորվում ենք իրենց օֆիսից և կատարում ենք գործողությունները՝ ըստ իրենց հրահանգավորումների»,- ասաց «Զվարթնոցի» աշխատակիցը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: