ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին ընդառաջ, փոխնախարար Վաչե Տերտերյանն այցելել է Գյումրի, շրջել փողոցներում, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 23,8 միլիոն եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցներով Գյումրու քաղաքապետարանի կողմից առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին։
Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես՝ այս պահին ավարտվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից Երևանյան խճուղու (3կմ 396 մ) երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքները: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Կառուցվել է փողոցի անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը, իսկ մյուս մասը՝ վերականգնվել: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետնյա, ընթացքի մեջ է հին հենասյուները նորերով փախարինելու գործընթացը:
Նույն կազմակերպության կողմից Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվել է ստորգետնյա կոյուղացանցի վերանորոգում, տեղադրվել է ասֆալտի ծածկույթի հարթեցնող շերտ՝ 3 սմ հաստությամբ: Ընթացքի մեջ են հենասյուների տեղադրման աշխատանքները: Ավարտին են մոտենում Գարեգին Նժդեհ հրապարակի ճանապարհային երթևեկության անվտանգության կղզյակի կառուցման աշխատանքները:
«Տիգրան Մեծ» փողոցում «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից արդեն իրականացվել են մալուխների անցկացման, անձրևաջրատար խողովակների վերականգնման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Հայուհու հրապարակում ավարտվել է մայթերի ասֆալտապատումը, բուն հրապարակում տեղադրվել է ասֆալտի շերտի ծածկույթ՝ 3 սմ (հարթեցնող շերտ) և 6 սմ վերին շերտ հաստությամբ:
«Սայաթ-Նովա» փողոցում (411 մ) ընթացքի մեջ են ասֆալտի ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքները: Իրականացվում է մայթերի հիմնանորոգում։ Ընդ որում մի մայթը հիմնանորոգվում է ասֆալտապատման եղանակով, իսկ մյուսը՝ սալիկապատման: Ասֆալտապատման եղանակով հիմնանորոգվող մայթի աշխատանքներն ավարտված են, սալիկապատման աշխատանքները ընթացքի մեջ:
«Գարեգին Նժդեհ» (1կմ 472մ) փողոցում «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն արդեն իրականացրել է մալուխների անցկացման, անձրևաջրատար խողովակների վերականգնման աշխատանքները, այս պահին հիմնանորոգվում են մայթերը: Գարեգին Նժդեհ փողոցում ևս մի մայթը հիմնանորոգվում է ասֆալտապատման, իսկ մյուսը՝ սալիկապատման եղանակով: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից Գերցեն փողոցում (904 մետր) անձրևաջրատար կոյուղացանցի խողովակների վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են փողոցի երթևեկելի մասի ասֆալտի ծածկույթի ներքին շերտի տեղադրման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները:
«Վազգեն Սարգսյան» փողոցում (2 կմ 66 մետր) նույն ընկերության կողմից իրականացվել են 43 լայնական կտրվածքներ՝ անձրևաջրատար կոյուղացանցի խողովակների, կապի, հեռահաղորդակցության, հոսանքալարերի անցկացման նպատակով: Այս փողոցի մի հատվածում կատարվել են ասֆալտե ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքներ՝ փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատումը նախապատրաստելու նպատակով: Գերմանիայում կիրառված փորձով «Վազգեն Սարգսյան» փողոցի հիմնանորոգման համար նոր տեխնոլոգիա է օգտագործվելու: Սառը վերօգտագործման եղանակով կառուցվելու է ճանապարհի հիմքը և տեղադրվելու է 2 շերտ ասֆալտբետոն. 5սմ ներքին և 4 սմ վերին շերտով: Փողոցի հարթեցումն իրականացվելու է լազերային ավտոգրեյդերով:
«Շառլ Ազնավուրի» հրապարակում անցկացվել են նոր ստորգետնյա մալուխներ, վերականգվել են հրապարակի անձրևաջրատար խողովակները, ընթանում են մայթերի հիմնանորոգման, ասֆալտե ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքներ: