Քայլակը բոլորովին անվտանգ չէ երեխայի առողջության համար, ինչպես ընդունված է համարել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի մանկաբուժական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Արա Այվազյանը նշում է. քայլակում երեխան ուղղահայաց դիրքով սկսում է շատ ավելի վաղ տեղաշարժվել և հետևաբար, օրգանիզմը պատրաստ չի լինում այդ ծանրաբեռնվածությանը:
«Ես խորհուրդ չեմ տալիս քայլակը: Դրա միակ առավելությունը ծնողների հանգստությունն է: Այսինքն՝ երեխան չի ընկնում, ձեռքերը սահմանափակ չեն, որևէ վտանգավոր բանի չի կարող հասնել: Սակայն միջինում քայլակում երեխան սկսում է 2-3 ամիս շուտ քայլել, երբ օրգանիզմը պատրաստ չէ ուղղահայաց ծանրաբեռնվածությանը»,- ասաց նա:
Այվազյանը ուշադրություն է դարձնում նրան, որ այդ շրջանում երեխայի ոսկորներն այդքան ամուր չեն, ինչպես մեծահասակի մոտ, իսկ հոդերը՝ թերզարգացած:
Այսպիսով ուղղահայաց ծանրաբեռնվածությունը կարող է վերջույթների ծռվելու պատճառ դառնալ:
«Բացի այդ երեխան քայլակում սխալ է քայլում: Երբ մենք քայլում ենք, մենք մի ոտքից մյուսին ենք «ընկնում»: Քայլակում երեխան ոտքերով հրվելով, տեղաշարվում է սենյակով, իսկ դա նորմալ չէ», – ընդգծեց փորձագետը:
Այվազյանի գլխավոր խորհուրդը ծնողներին չշտապելն է:
«Որքան երկար երեխան չորեքթաթ սողա, այնքան ավելի շատ պատրաստ կլինի քայլել և ավելի շատ պատրաստ կլինի ընկնելուն: Երեխայի համար չափազանց կարևոր է սովորել կոորդիանցիային և ընկնելուն, հակառակ դեպքում՝ ընկնելուց կարող են լուրջ հետևանքներ լինել», – ասաց վնասվածքաբանը:
Ինչ վերաբերում է տարածում ստացող կենգուրու-պայուսակներին, ապա մասնագետը դրանք վտանգավոր չի համարում:
«Կենգուրու-պայուսակում երեխան գորտի դիրքով է, այսինքն ոտքերը բացված են, ընդ որում դա ոտքերի ծռման չի հանգեցնում: Սակայն կա մեկ բայց. չի կարելի դրանցում մինչև 6 ամսական երեխաների տեղափոխել, այսինքն, երբ նրանք դեռ չեն կարողանում նստել, քանի որ տվյալ դեպքում հնարավոր է ուղղահայաց ծանրաբեռնվածություն ողնաշարի վրա: