«Իմ դեմ դավադրություն է կազմակերպվել»․ Լևոն Ջուլֆալակյանը՝ հրաժարականի մասին
Advertisement 1000 x 90

«Իմ դեմ դավադրություն է կազմակերպվել»․ Լևոն Ջուլֆալակյանը՝ հրաժարականի մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը րոպեներ առաջ հրաժարական տվեց։ Նա հետևյալ կերպ պարզաբանեց իր որոշումը․ «Այսօր ստացվել է մի պահ, որ տհաճ կլինի երկրպագուների և հանրության համար, բայց իրոք, պահը հասունացել է։ Ոչինչ պատահական չի լինում։ Ես հրաժարական եմ տալիս։ Շատ պատճառներով, որոնք կներկայացնեմ։ Որոշումս մեկ ամիս առաջ եմ կայացրել, բայց ուսումնամարզական հավաքի պատճառով չէի կարող ավելի շուտ հայտարարել։ Աշխարհի առաջնությունը մոտ է, բայց բոլոր երևույթները տեղի են ունեցել մեկ ամիս առաջ։ Ես չեմ կարող փորձել աշխատել այն կազմի հետ, որը ներքին խոհանոցում իմ դեմ դավադրություն է կազմակերպում։

Նախապես նշեմ, որ աշխատանքային 20 տարիների ընթացքում գլխավորում եմ ըմբշամարտի հավաքականը և բոլորդ էլ ծանոթ եք մեր հաջողություններին, տարեցտարի ավելացել են մեդալների քանակը։ Ես մեդալների հաշվարկ չեմ արել առ այսօր, բայց երեկ ստիպված էի։ 20 տարիների աշխատանքիս արդյունքում ձեռք է բերվել 70 մեդալ՝ օլիմպիական խաղերից, Ունիվերսիադայից, աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, աշխարհի գավաթի խաղարկությունից։ Ընդհանուր առմամբ եվրոպական 41 մեդալ, աշխարհի 18, օլիմպիական 6, աշխարհի գավաթի 3 և Ունիվերսիադայի 6 մեդալ։ Երիտասարդների մեդալները տասնյակն են, դրանք չեմ ներառել այս քանակի մեջ։

Բոլորին ասեմ, որ աշխատանքային տարիների ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ նախարարի, ո՛չ ՀԱՕԿ-ի, ո՛չ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի։ Բոլորիդ ուզում եմ տեղյակ պահել, որ երեք ղեկավար կողմերին էլ ներկա պահին հաճելի չէ իմ հրաժարականի պահը, բայց որոշումը ես եմ կայացրել, և, հուսով եմ ու համոզված եմ, որ որոշումս ճիշտ է։

Հիմնականում պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ։ Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, որոշեն հավաքի ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների ու հավաքների վայրերն ընտրվեն իրենց ցանկությամբ, մրցումների մեկնող կազմն ընտրեն իրենք։ Իմ դեմ դավադրություն է կազմակերպվել։ Փաստը մնում է փաստ, եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը։ Նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը չեմ կարող։ Նման պարագայում մարզչի դերը վերանում է, և ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը, որպեսզի հետագայում մեր հավաքականի արդյունքներն շարունակական լինեն։ Մարդիկ կան՝ մտածում են, որ ամեն ինչի տիրապետում են ու իրենք ամեն հարցում ճիշտ են։ Մարզչական կազմը փորձել է խոսել ինձ հետ, բայց ես չեմ կարող նման իրավիճակում փորձել շարունակել աշխատանքս։

Այս ամենն սկսվել է հուլիսի 15-16-ից։ Թիմը բաժանված էր երկու մասի, այդ ամենն ինձ համար տհաճ էր։ Ֆեդերացիան դեմ էր այս ամենին, նրանք աշխատանքներ տարան այս ամենի շուրջ, փորձեցին խոսել մարզիկների հետ, ովքեր դավադրություն են կազմակերպել, բայց ապարդյուն։

Առաջիկայում հանգստանալու եմ՝ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Ինձ բոլոր ժամանակներում շատ լուրջ հրավերքներ են եղել տարբեր երկրեներից, բայց ես, լինելուվ իմ երկրի ու հավաքականի նվիրյալ, հաշվի չեմ առել ոչինչ ու մեծ հաճույքով աշխատել մեր ազգային հավաքականում, ու փորձել եմ աշխատել անմնացորդ, այնպես որ կլինեն առաջարկներ թե ոչ, չեմ կարող ասել։ Ինչ առաջարկներ կլինեն, ինչ կորոշեմ, շուտ է ասել։ Հիմա ուզում եմ միայն հանգտանալ։ Իմ սիրտը շատ լավ է, շատ հզոր։

Ես չեմ հեռանում իմ մարզչական գործունեությունից։ Ես որդուս հետ կլինեմ մինչև վերջին վայրկյանը՝ ինչքան նա ցանկություն ու նպատակ ունի սպորտում մնալու։

Ում կվստահվի հավաքականը, դա ինձնից կախված չէ, ու ես չեմ ուզում այդ թեմայով կարծիք հայտնել։ Դա պետք է որոշի ֆեդերացիան, նախարարությունը, ՀԱՕԿ-ը, բայց միայն կցանկանայի, որ ճիշտ որոշում կայացնեն, որովհետև ափսոս է, որ ջուրը գնա այսքան աշխատանքը։

Ես նեղացած եմ մարդկանցից, ովքեր մոռանում են անցած ճանապարհը։ Շեքսպիրը լավ խոսքեր ունի․ «Անշնորհակալ մարդը հրեշից դաժան է»։ Չեմ կարող ընդունել անշնորհակալ մարդկանց։ Ինձ համար դա մնում է ծանոթություն։ Հավաքականում կան մարզիկներ, ովքեր ինձ սիրում ու հարգում են։ Ամեն մարդ իր արածի պատասպանը Աստծուց կստանա»։