Խոսրով Հարությունյանի հրապարակումը.
«ժողովրդավարություն՝ որքան անհրաժեշտ է, կառավարելիություն՝ որքան հնարավոր է:
Սա է Արցախում հանրային կյանքի կազմակերպման բանաձևը:
Առանց սխալվելու հավանականության կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ համակարգը ամբողջովին կազմաքանդված է, քանի որ, ըստ էության, այն իրենից ներկայաացնում է բացառապես Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների մի համախումբ և մի քանի ՀԿ-ներ, որոնք ձևավորվել են վերջին շրջանում ի հակակշիռ առաջինների և իրենց ակտիվ գործունեությամբ նպատակ են դրել հնարավորինս չեզոքացնել առաջինների հակապետական և հակազգային ազդեցությունը հանրային կյանքում: Այսինքն քաղաքացիական սեկտորը գլխավորապես ներկայացնում են սորոսականները և անտիսորոսականները:
Եվ իրականությունն այն է, որ իրերի նման վիճակը գործնականում հանգեցրել է այլակարծության սահմանափակմանը և պարարտ հող ստեղծել հասարակության ներսում անհանդուրժողականության խորացման համար:
Իրականություն է նաև այն, որ թե՛ սորոսականների և թե՛ անտիսորոսականների գործունեությունը փաստացիորեն հասարակական կազմակերպություններին վերապահված գործունեություն չէ, այլ ավելի շատ քաղաքական կառույցներին վերապահված դերակատարում է:
Ընդ որում այն, որ սորոսական ՀԿ-ների գործունեության իրական նպատակները բոլորովին չեն թղթակցվում մեր Երկրում հանրային կյանքի ժողովրդավարացման օրակարգի հետ՝ դա արդեն կույրին էլ է տեսանելի:
Ուստի կարելի է արձանագրել, որ Սորոսին հաջողվել է, ձևավորելով ազդեցության գործակալների տարածված ցանց, Հայաստանում կազմաքանդել քաղաքացիական սեկտորը և էական հարված հասցնել հանրային կյանքի ժողովրդավարացմանը: Սա իրողություն է, որը չի կարելի անտեսել:
Այս պարագայում Կառավարության որոշումը սորոսական երկու ՀԿ-ների գործուղել Արցախ, այն էլ առաջիկա համապետական ընտրությունների առնչությամբ, եթե չասենք խիստ մտահոգիչ է, ապա առնվազն հավելյալ մեկանաբանությունների կարիք է զգում:
Ակնհայտ է, որ այդ կառույցները Արցախում ընտրությունների հետ կապված առանձնապես անելիք չունեն և դիտորդական առաքելություն իրականացնելու համար վաղօրոք, այն էլ տևական ժամանակ, Արցախում գտնվելու անհրաժեշտություն չկա, էլ չեմ խոսում ֆիլիալներ ձևավորելու անհրաժեշտության մասին:
Հետևաբար ո՞րն է Կառավարության իրական նպատակը:
Արդյո՞ք ‹‹Արցախը Հայաստան է և վերջ›› կարգախոսի իրական իմաստը ոչ թե ‹‹Միացում›› կարգախոսի նոր մեկնաբանությունն է, այլ ‹‹Արցախի իշխանսությունները պետք է գտնվեն Հայաստանի քաղաքական ղեկավարության անմիջական և անվերապահ ազդեցության ներքո›› թեզի քաղաքական բանաձևումը:
Իսկ քանի որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան Հայկական Աշխարհի իրեն վստահված հատվածում պատմականորեն իրեն վերապահված առաքելության շրջանակներում դրսևորում է սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու՝ կայացած պետական համակարգին բնորոշ վարքագիծ և կարողացել է Արցախի ներքին կյանքը մինչ այս զերծ պահել ուղղակի և անուղղակի անառողջ քաղաքական ազդեցություններից, ապա անհրաժեշտություն է առաջացել գործի գցել ազդեցության ապահովման արդեն փորձարկված մոդելը՝ ձևավորել ազդեցության գործակալների ցանց և այն օգտագործել ըստ քաղաքական անհրաժեշտության: Այսինքն, ինչպես ասում են՝ ‹‹не мытьем, так катаньем››:
Եթե այս դատողությունները համապատասխանում եմ իրականությանը, ապա ստացվում է, որ Կառավարությունը նպաստում է Արցախում սորոսական ՀԿ-ների, հետևաբար և ազդեցության գործակալների ցանցի ձևավորմանը, ընդ որում մեր՝ հարկատուներիս միջոցների հաշվին: Սա անընդունելի է:
Եվ երկրորդ. Արցախում հանրային կյանքի ժողովրդավարացման գործում պետք է առաջնորդվել հետևյալ քաղաքական բանաձևով՝ ‹‹ժողովրդավարություն՝ որքան անհրաժեշտ է, կառավարելիություն՝ որքան հնարավոր է››: Այս դոկտրինը կյանքի կոչելու հարցում սորոսական ՀԿ-ները որևէ անելիք չունեն:
Ուստի քաղաքական ոզջամտությունը թելադրում է, որ Հայաստանի իշխանություները վերանայեն իրենց մոտեցումը և եթե իրոք նպատակ ունեն սեփական աջակցող մասնակցությունը բերել Արցախի ներքին կյանքի բնականոն ընթացքի ապահովմանը, ապա 2020թ արցախյան հերթական համապետական ընտրություններին հետևելու համար Արցախ գործուղել Հայաստանի Խորհրդարանի բոլոր ֆրակցիաները ներկայացնող պատվիրակությունը:
Հ.Գ. Ի դեպ, որպես կանոն, դիտորդական առաքելությունն իրականացվում է պատգամավորների միջոցով, որովհետև ընտրությունների արդյունքերի գնահատականը դա քաղաքական գնահատական է և այն կարող են տալ միայն քաղաքական գործիչները, այլ ոչ թե ՀԿ-ները»: