Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան
Advertisement 1000 x 90

Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը բուժհաստատություններին տալիս է բավարար չափով գումար, որ երեխաների համար պետպատվերով վիրահատությունների հերթագրում չլինի, բժիշկները պացիենտից հավելյալ գումար չակնկալեն:

Այս մասին նախարարության վերջին ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը վստահեցրեց նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետը հետաքրքրվեց երեխաների հիվանդանոցային բուժմամբ: Արսեն Թորոսյանը նշեց, որ կա երկու սցենար: Պլանային վիրահատության դեպքում, երբ, օրինակ, 9 տարեկան երեխայի բուժումը չի տվել ցանկալի արդյունք, կա վիրահատության կարիք, տեղամասային պոլիկլինիկայի մանկաբույժը տալիս է պետական պատվերով ուղեգիր:

«Այդ ուղեգրով մոտենալու են հիվանդանոցի ընդունարան: Եվ մեր այս պահի բյուջետային հատկացումները թույլ են տալիս, որ հերթագրումը տեղի ունենա միայն բժիշկների ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով: Գումարի պակասի պատճառով հերթագրում չի լինելու»,- վստահեցրեց Թորոսյանը:

Վարչապետը նկատեց՝ տասնյակ դեպքեր են լինում, երբ անձը պետպատվերով պետք է բուժվի, հերթագրվում է, սակայն ծառայությունը չի մատուցվում, քանի որ ասում են, թե պետպատվերի գումարը վերջացել է:

Թորոսյանը հավաստիացրեց, որ այդ մասով նման խնդիր չկա: Մնացած ծառայությունների մասով էլ էական բարելավում ունեն: «Մենք բուժհաստատություններին այնքան բավարար ֆինանսավորում ենք տալիս, որպեսզի հավելյալ եկամուտ չակնկալեն պացիենտներից, ակնկալելու դեպքում պատրաստ ենք արագ արձագանքել»,- նշեց նախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյոք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ: