ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է արյան պաշարների կենտրոնացված ռեեստր ստեղծել, ինչպես նաև բաշխման համակարգ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս քայլին ենք գնում, քանի որ սոցիալական ցանցերում նկատել ենք՝ քաղաքացիները հաճախ գրում են իրենց X քանակությամբ արյան անհրաժեշտ լինելու մասին: Մենք դա համարում ենք ոչ ճիշտ և անթույլատրելի: Այս դեպքում քաղաքացին զերծ կլինի նմանատիպ գործերին խառնվելուց»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցների պատասխանատուները կունենան հասանելիություն այդ համակարգին և արյան կարիքի դեպքում անձամբ կարող են գնալ և արյունը ստանալ:
«Հիվանդանոցից կարող է բժիշկը գնալ այդ կենտրոն և վերցնել արյունը կամ պատվիրել կենտրոնացված ռեեստրում, որտեղ կա տվյալ արյունը: Այս դեպքում կբարձրացվի ծառայությունների որակը՝ քաղաքացին սեփական մեքենայով չի տեղափոխի անհրաժեշտ արյունը, ինչպես նաև կավելանա փնտրելու արագությունը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը:
Թորոսյանն ընդգծեց, որ փնտրելու համակարգի խնդիր է մշտապես եղել, այլ ոչ՝ արյան պաշարի: