Ռուս ընդդիմադիր գործիչը, ով 4 տարի եղել է բանտում, ապաստան է ստացել Հայաստանում. «Ազատություն»
Advertisement 1000 x 90

Ռուս ընդդիմադիր գործիչը, ով 4 տարի եղել է բանտում, ապաստան է ստացել Հայաստանում. «Ազատություն»

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել, հաղորդում է Ազատությունը:

Փաստաթղթում ասվում է, որ «առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով:

«Հայաստանում ես ստացել եմ փախստականի կարգավիճակ՝ այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանում հետապնդվում եմ քաղաքական հայացքների համար: Փախստականների տարբեր տեսակներ կան՝ կրոնական, զինվորական, և ես ի սկզբանե ցանկանում էի փաստաթուղթ ստանալ քաղաքական հիմքով, որովհետև ես նախկին քաղբանտարկյալ եմ»,- ասել է Շիշկինը:

Նա ավելի քան վեց ամիս է, ինչ Հայաստանում է․ եկել է 2019 թվականի փետրվարին: Վերջին անգամ Հայաստանում եղել է 2011-ին: 2019 թվականի հունվարին բանտից դուրս գալուց հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եղել է: Շիշկինը անազատության մեջ է եղել մոտ 4 տարի, իր պնդմամբ՝ քաղաքական հայացքների պատճառով:

Շիշկինի տեղեկություններով, ինքը Ռուսաստանում հետախուզման մեջ է:

Հայաստանի միգրացիոն ծառայության լրատվության բաժնից Նելլի Դավթյանը «Ազատությանը» ասել է, որ Շիշկինին տրամադրված փաստաթղթի վերաբերյալ մարնամասներ չեն կարող հաղորդել, քանի որ դա անձնական տվյալների գաղտնիք է, բայց պնդեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել: Ինչ վերաբերում է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն ապաստանի շնորհմանը, Դավթյանը նշեց, որ դա Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում է:

Շիշկինն ասել է, որ հայաստանյան օրենսդրությունը և հեղափոխությունից հետո Հայաստանում եղած իրավիճակը հաշվի առնելով է որոշել հենց Հայաստան գալ․ – «Ես գիտեմ, որ Հայաստանի համար Ռուսաստանի հարցը շատ ցավոտ է: Հարաբերությունների հետ կապված պետք է ինչ֊որ բան անել, շատ բաներ պետք է փոխել, քանի որ Ռուսաստանը դիկտատորական երկիր է, իսկ Հայաստանը արդեն մեկ տարի է ժողովրդավարական հասարակություն է կառուցում»:

Մի քանի օրից Շիշկինը Հայաստանում կստանա փախստականի անձնագիր, որի միջոցով կկարողանա մեկնել ցանկացած երկիր: Մինչ այդ նա հույս ունի այստեղ կազմակերպել Գարեգին Նժդեհին նվիրված իր գրքի շնորհանդեսը:



Նման նյութեր