Դատարանը սեպտեմբերի 4-ին 58 տարվա ազատազրկման է դատապարտել Ռոսա Էլենա Բոնիլյային՝ Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կնոջը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության Գերագույն դատարանի ներկայացուցիչ Կառլոս Սիլվայի հայտարարությունը:
«Նախկին առաջին տիկին Ռոսա Էլենա Բոնիլյան 58 տարվա բանտարկության է դատապարտված միջոցների անօրինական յուրացման եւ խարդախության հետ կապված հանցագործությունների համար»,- ասել է Սիլվան: 52-ամյա Բոնիլյայի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ եւ որ վճռափոխության գագատ կտրվի Գերագույն դատարան:
Հոնդուրասի դատարանն օգոստոսի 20-ին Բոնիլյային «մեղավոր է ճանաչել խարդախության ութ դեպքում (…) եւ հափշտակման երեք դեպքում», առավելագույն դատավճիռը կարող էր կազմել 87 տարվա ազատազրկում:
Նախկին նախագահի կինը ձերբակալվել է 2018 թվականի փետրվարին: Հոնդուրասի դատախազությունը նրան մեղադրել է ավելի քան 700 հազար դոլարի յուրացման մեջ, որը նախատեսված էր տարբեր սոցիալական ծրագրերի իրականացման համար: Լոբոն կենտրոնամերիկյան հանրապետությունը գլխավորել է 2010-ից մինչեւ 2014 թվականը: