Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թվականների համերգաշրջանի բացմանը հանդես է գալու իտալական ծրագրով` հնչեցնելով Վերդիի, Ռոսինիի, Մասկանիի, Ռոտայի, Մորիկոնեի, Պիացոլայի ստեղծագործությունները: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Մարիո Լեոտան:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` համերգային ծրագիրը կկայանա սեպտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները:
«Երեկոն միայն երաժշտական չէ: Ուստի նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի հետ ընտրել ենք «Նոտաներ և տեսիլքներ» վերնագիրը: Հայ և իտալացի ստեղծագործողների հետ ներկայացնելու ենք իտալական մշակույթը, առաջարկելու ենք ձեզ մի համերգ, որից բավականություն եք ստանալու»,- նշեց ՀՀ–ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:
Նա հիշեցրեց, որ հաճախ է խոսվում հայ և իտալացի ժողովուրդների նմանությունների` հնագույն և հարուստ մշակութային ժառանգություն ունենալու մասին: «Իրապես այդպես է: Դա է փաստում նաև երկու երկրների միջև մշակութային ամուր կապը, որին նպաստում է նաև մեր դեսպանությունը: Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում` ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, տեսողական արվեստի ցուցադրություններ և այլն, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մեր ժառանգությանը»,-ընդգծեց դեսպանը:
Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ յուրաքանչյուր իտալացի, որը մեկ անգամ լինում է Հայաստանում, անպայման վերադառնում է, քանի որ Հայաստանը կախարդում է:
Հայաստանի կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը հավաստիացրեց, որ արվեստասերներին հետաքրքիր երեկո է սպասում: Նա ասաց, որ ոչ միայն նվագախումբն ընտրել և մշակել համերգի ծրագիրը, այլև առաջարկներ են արել և՛ դիրիժորը, և՛ մենակատարները:
Դիրիժոր Մարիո Լեոտան, անդրադառնալով նվագախմբի հետ աշխատանքին, նշեց, որ երկու օր է, ինչ փորձեր են իրականացնում, և ինքը տեսնում է, որ նվագախմբում պատասխանատու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ են ընդգրկված:
Երեկոյին որպես մենակատար ելույթ է ունենալու հանրահայտ իտալացի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին, որը մեր երկրում արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ: Նրա խոսքով` նախորդ այցից հրաշալի տպավորություն է ստացել: «Ես գտա մի երկիր, որն աշխարհագրական առումով հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ: Նախորդ համերգից այնքան դրական էներգիա եմ ստացել, որով լիցքավորված եմ մինչ օրս»,-խոստովանեց սաքսոֆոնահարը` հույս հայտնելով դրական հույզեր ու ապրումներ ունենալ նաև սպասվելիք երեկոյին:
Ամբողջ համերգի ընթացքում տեսաէկրաններին ցուցադրվելու է «Remix Portraits» խորագրով թվային ինստալացիան, որի հեղինակը Իտալիայում մեծ ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին է: Վերջինս, խոսելով ինստալացիայի յուրահատկության մասին, ընդգծեց, որ Վինչենցո դել Մոնակոն իրեն խնդրել է ստեղծել պատկեր, որն արտացոլի արվեստն իր աչքերով: «Ես այցելեցի Հայաստանի ազգային պատկերասրահ, որը հրաշալի էր, ու փորձեցի վերանկարել հայկական և իտալական հնագույն կտավները, որոնք ցուցադրվելու են համերգին»,- պատմեց նա:
Իտալա-հայկական երեկոն իրականացվում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ: