Սիրված օրորոցայինները՝ նոր մատուցմամբ. Երգչուհի Արփին թողարկել է «Օրորերգ» ձայնասկավառակը
Advertisement 1000 x 90

Սիրված օրորոցայինները՝ նոր մատուցմամբ. Երգչուհի Արփին թողարկել է «Օրորերգ» ձայնասկավառակը

Մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր երգչուհի Արփին երկրպագուների դատին հանձնեց «Օրորերգ» սկավառակը, որում ներառված են հայտնի և անհայտ  օրորոցայիններ յուրահատուկ մեկնաբանությամբ: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին «Մայր Հայաստան» հուշարձանի սրահներից մեկում:

Երգչուհու խոսքով՝ ցանկացել է նման սկավառակ թողարկել, երբ ծնվել է իր առաջնեկը: «Երեխային քնեցնեում էի դասական երաժշտության մեղեդիների ներքո, բայց փորձում էի գտնել օրորոցային երգեր, որոնք կատարված չլինեն օպերային վոկալով: Այդ միտքը հանգիստ չէր տալիս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում էի, որ այդ բացը պետք է լրացնեմ:  Ու ահա առաջարկ ստացա Բոստոնում գործող «Ամարաս» կազմակերպությունից: Նրանք ցանկանում էին թողարկել օրորոցային երգերի ձայնասկավառակ՝ իմ կատարմամբ»,-պատմեց Արփին:

Երգչուհին ձեռնամուխ է եղել օրորոցայիններ փնտրելուն և բազմաթիվ ստեղծագործություններ գտել, որոնց մի մասը զետեղել է սկավառակում:

«Ձայնապնակում մոտ 14 երգ է ընդգրկված, բայց կան գործեր, որոնք ներառված են եղել նաև  իմ նախորդ՝ «Գանձեր» սկավառակում: Այստեղ պարզապես նոր շունչ ենք հաղորդել դրանց, քանի որ այդ ստեղծագործությունները նախապատմություն ունեն»,- ասաց Արփին:

Նա հավելեց, որ ձայնասկավառակում զետեղել են նաև «Մախմուր աղջիկ» երգի դաշնամուրային տարբերակը, քանի որ շատ մայրիկներ են նշել, որ երեխան քնում է այդ երգի հնչյունների ներքո: «Այն հանգստացնելու, հոգին ու տրամադրությունը խաղաղեցնելու ուժ ունի»,-շեշտեց երգչուհին:

Անդրադառնալով «Արի՛, իմ սոխակ» հանրահայտ ու սիրված ստեղծագործությանը, որը նույնպես սկավառակում է՝ Արփին պատմեց, որ պարզել է՝ այդ նույն բառերի հիման վրա Ալեքսանդր Սպենդիարյանը բոլորովին այլ երաժշտություն է գրել: Հենց այդ տարբերակով է երգչուհին այն մատուցել իր ունկնդիրներին: «Օրորերգ»-ում զետեղվել է նաև երգչուհու հեղինակած «Շը՜շշշ – Նա՛ն» ստեղծագործությունը: