Անպտղության անվճար կամ արտոնությամբ բուժման նոր Ծրագրի բյուջեն, որի շրջանակում մի քանի հարյուր զույգ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին հասանելիություն կստանա, ընթացիկ տարում կկազմի 210 մլն դրամ: Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ ծրագրի շրջանակում կծնվի մոտ 130-140 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանության վարչության պետ Գայանե Ավագյանը:
Անցյալ ամիս Կառավարության հավանությունը ստացած ծրագիրը սեպտեմբերի 7-ից ուժի մեջ է մտել: Ծրագրի շահառուներ կարող են դառնալ.
- Զույգերը, որոնցից մեկը կամ երկուսը զինծառայողներ են կամ հավասարեցված են զինծառայողներին,
- Ծնողները, որոնք իրենց որդուն կորցրել են զինվորական ծառայության ժամանակ կամ հետո համապատասխան հանգամանքների պայմաններում (տվյալ դեպքում կնոջ առավելագույն տարիքն է 42, մնացյալ դեպքերում՝ 35),
- Սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնք լրացուցիչ սոցիալական աջակցություն են ստանում,
- Զույգերը, որոնցից մեկը հաշմանդամ է, իսկ կինը հղիանալու հակացուցումներ չունի,
- Սոցիալական անապահով խմբերի ներկայացուցիչները (անապահովության 30,1 և ավելի միավորով):
Նվազագույնը ամուսիններից մեկը պետք է լինի Հայաստանի քաղաքացի, իսկ ամուսնությունը՝ պաշտոնապես գրանցված: Կինը 35 տարեկանից մեծ չպետք է լինի (բացառությամբ ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերի, որոնք կարող են լինել մինչև 42 տարեկան):
Ծրագրի շրջանակում նշված խմբերը հասանելիություն են ստանում՝
- Անպտության պատճառների անվճար ախտորոշմանը,
- Մինչև օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին դիմելը անհրաժեշտ հետազոտություններին (առավելագույնը 6 փորձ),
- Ամուսնու կամ դոնորի սերմնահեղուկի օգտագործմամբ ինսեմինացիային,
- Արտամարմնային բեղմնավորման մեկ անվճար փորձին (մնացած սաղմերը կարելի է սառեցնել պետպատվերի շրջանակում, ծրագրի շահառուների համար անվճար կլինի նաև երկրորդ և երրորդ փոխանցումը, ԱՄԲ երկրորդ փորձը կարող է անցկացվել 50 տոկոս զեղչով):
Ծրագիրը, ինչպես նշեց Գայանե Ավագյանը, ծածկում է բոլոր ծախսերը՝ կապված բուժզննման, հետազոտության և բուժման հետ։ Չի ծածկում միայն փոխնակ մոր ծառայության, դոնորական ձվաբջիջների ու սերմնահեղուկի ձեռքբերման ծախսերը, դրա փոխարեն անհրաժեշտության դեպքում պետք է վճարի արդեն շահառուն։
Ծրագիրն իրականացվում է Երևանի 5 բժշկական կենտրոններում՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական կենտրոնում, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, «Աստղիկ» ԲԿ-ում, «Շենգավիթ» ԲԿ-ում և «Fertility Center»-ում։
Ծրագրի պահանջները բավարարող զույգերը կարող են դիմել այս կենտրոններից յուրաքանչյուրին, որտեղ նրանց կասեն, թե ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել, ինչից հետո հատուկ հանձնաժողովը կպարզի, թե զույգն ինչ խնդիրներ ունի և ինչ բուժում է անհրաժեշտ։
Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, զույգին կարող են մերժել մասնակցել ծրագրին, եթե պարզվի, որ կնոջը հակացուցված է հղիությունը այս կամ այն պատճառով, և եթե զույգն ունի այնպիսի խնդիրներ, որ անգամ օժանդակ վերարտադրողական բեղմնավորման հնարավորություններն են շատ ցածր (օրինակ, չափազանց ցածր է ձվարանների ռեզերվը, բայց այդ դեպքում զույգը կարող է ձեռք բերել դոնորական ձվաբջիջներ, արդեն իր հաշվին)։