«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մասնագիտական կրթրության եւ ուսուցման ոլորտի գրավչությունը վերջին ժամանակներում մեծացել է: Դրան զուգահեռ աճում է նաեւ դիմորդների թիվը: Եվ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, բավականաչափ թվով դիմորդներ մրցույթից դուրս են մնացել:
Թերթի հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ հիմնական դպրոցից հետո աշակերտներն ավագ դպրոց չեն ուզում գնալ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը պատասխանել է. «Այդպես չեմ ուզում ասել: Բայց ավագ դպրոցի շրջանավարտների, եթե չեմ սխալվում, ընդամենը 40-50 տոկոսն է բուհ ընդունվում: Մյուսները վկայական ստանալով աշխատաշուկա են դուրս գալիս, բայց չունեն մասնագիտություն: Նաեւ դրանով է պայմանավորված ՄԿՈՒ ոլորտի գրավչությանը մեծանալը»: Աշակերտները գերադասում են նույն ժամանակահատվածում ունենալ միջնակարգ կրթություն՝ գումարած մասնագիտություն: Վարչության պետի խոսքերով, աշխատաշուկա արագ են մտնում, դրա համար այդ ոլորտն են նախընտրում: Իսկ ոլորտի մասնագետների պահանջարկ աշխատաշուկան ունի»: